Սոցցանցերի օգտատերերը հիշել են, որ 2014թ. հունիսի 29-ին ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը հայտարարել է մինչև 90.000 քկմ տարածքում «խալիֆայության» ստեղծման մասին՝ սեփական օրենքներով և իշխանության մարմիններով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Արդյոք Ստամբուլի հարձակումը ԴԱԻՇ-ի նվե՞րն է իրենց՝ հիվանդներին և ստորներին, «խալիֆայության հայտարարման հոբելյանի «տոնի» առթիվ»,- հարցնում է ԱՄՆ Ռազմածովային ուժերի սպայական կադրերի որակավորման բարձրացման դպրոցի պրոֆեսոր Թոմաս Ջոնսոնը:
Նրա հետ համակարծիք է The Washington Post թերթի բաղդադյան բյուրոյի ղեկավար Լավդեյ Մորիսը. «Իսլամիստների կողմից օդանավակայանի վրա հարձակումը համընկավ խալիֆայության հռչակման երկրորդ տարեդարձին»:
Երեքշաբթի Երևանի ժամանակով ժամը մոտ 23.00-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի միջազգային տերմինալի ելումուտի մոտ և կայանատեղիում 3 պայթյուն է որոտացել: Վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով 36 մարդ է զոհվել: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է՝ նախնական տվյալները ցույց են տալիս, որ հարձակման հետևում ԴԱԻՇ-ն է կանգնած:







































