Վերջին շրջանում Հայաստանում բուռն քննարկվում է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել-չստորագրելու հարցը: Եվ այս իմաստով քաղաքական ուժերի ներկայացուցիչները տարբեր մեկնաբանություններ են հնչեցնում: Մինչ ԵՄ-ն ասում է, որ իր հետ Ասոցացման համաձայնագիր կնքելը բացառում է Մաքսային միությանն անդամակցությունը, շատերը պնդում են, որ այս երկու ուղղությունները կարելի է համատեղել: Լեհաստանում նմանատիպ հայտարարություն էր արել նաև նախագահ Սերժ Սարգսյանը:
«Առաջին լրատվական»-ը հարցի շուրջ մեկնաբանություն խնդրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից։ «Ես չեմ շտապում կարծիք արտահայտել այդ մասին, քանի որ դա լրջագույն որոշում է, և այն նախևառաջ պետք է բխի Հայաստանի Հանրապետության շահերից: Ես հակված եմ այն կարծիքին, որ իշխանությունները որոշում կկայացնեն այն համաձայնագրի ուղղությամբ որ երկրի կողմից որ ճնշումները շատ ավելի մեծ կլինեն, իսկ դա պայմանավորված չի լինի Հայաստանի Հանրապետության շահերով, հետևաբար ես՝ սոցիալիստ լինելով և նաև Ռուսաստանին համարելով մեր ռազմավարական և մարտավարական դաշնակից, կարծում եմ, որ Ռուսաստանը մեզ հնարավորություն պետք է տա ինքնուրույն որոշում կայացնելու, և չի բացառվում, որ այն կարող է լինել հօգուտ Մաքսային միության»,- ասաց նա:
Տիկին Սարգսյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչու իր իսկ մատնանշած «ռազմավարական և մարտավարական գործընկերը» որոշեց այս ժամանակաշրջանում զենք վաճառել հենց Ադրբեջանին, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Գիտեք, ռազմավարական և մարտավարական գործընկեր դեռ չի նշանակում հավերժ բարեկամ, ուրեմն եկեք չմոռանանք, որ մենք խոսում ենք մեկ այլ երկրի շահերի մասին, որի ոչ բոլոր շահերը կարող են համընկնել ռազմավարական գործընկերոջ շահերի հետ, հատկապես երբ այդ շահերը վերաբերում են բիզնես շահերին: Համենայնդեպս, ես այն կարծիքին եմ, որ մեր երկրի շահերը պաշտպանողը մեր իշխանությունները պետք է լինեն, իսկ եթե իշխանությունը մտահոգ չէ երկրի, ժողովրդի շահերով և չի աշխատում այդ ուղղությամբ, ապա ես ինչպես կարող եմ մեղադրել Ռուսաստանին, երբ նա պաշտպանում է իր երկրի շահերը, տվյալ դեպքում՝ առևտրատնտեսական շահերը»:







































