Մեքսիկայի հյուսիսարևելյան Տամաուլիպաս նահանգի մեքսիկական բանակի ստորաբաժանումների ու թմրամաֆիայի միջև ծայր առած մարտերի հետևանքով զոհվել է 9 մարդ: Զոհերից մեկը զինծառայող է: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նահանգի դատախազության տվյալներով՝ երկու բախումներ են տեղի ունեցել Սան Ֆերնանդո և Ռեյնոսա քաղաքներում: Առաջին ընդհարման ժամանակ սպանվել է 5 զինված մարդ, որոնք, ենթադրաբար, կապեր ունեն կազմակերպված հանցավորության հետ: Երկրորդ դեպքում սպանվել է 3 զինված անձ, վիրավորվել է երկու զինծառայող: Նրանցից մեկն ավելի ուշ հիվանդանոցում մահացել է:
Փոխհրաձգությունների վայրերում զինվորականները հայտնաբերել են մեծ քանակությամբ զենք, առգրավել են մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ զրահապատ:







































