Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի համակարգող Աիդա Իսկոյանը, խոսելով բնապահպանության ոլորտում արդարադատության մատչելիության մասին, ասաց, որ Օրհուսի կոնվենցիային միանալուց հետո Հայաստնում լուրջ փոփոխություններ են եղել: Մասնավորապես՝ 2001 թվականի հոկտեմբերի 30-ից ուժի մեջ է մտել օրենքը, և մեր բոլոր օրենքներում լրացումներ են կատարվել, «Օրհուս» կենտոնի պահանջներն են ներդրվել:
«Օրհուս» կենտրոնն այսօր միջնորդում է հասարակական կազմակերպություններին` նամակով դիմելով այս կամ այն խնդրով որևէ կազմակերպությանը: Բանախոսի փոխանցմամբ` շատ կարևոր է «Օրհուս» կենտրոնի մեջ ներգրավել հասարակական սեկտորը, յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա, որ իրավունք ունի դիմելու կենտրոնին և նրա միջամտությամբ ստանալ իրեն հուզող խնդրի պատասխանը տվյալ կառույցից: Նա նշեց, որ այժմ ՀՀ-ում կա 15 այդպիսի կենտրոն, և տարածաշրջանում ամենաարդյունավետը Հայաստանում գործողներն են։
Կենտրոնի միջնորդությամբ մի շարք վարույթներ են ընդունվել դատարաններում, ամենաթարմը Թեղուտի հետ կապված գործն է:
Տիկին Իսկոյանը նշեց, որ Հայաստանում ամենասուր խնդիրը գենետիկական փոխակերպումների ենթարկված մթերքներն են: Դրանց թվում կարող է լինել, օրինակ, անասունների կերը, ինչի արդյունքում շուկայում խոշոր հավեր կան, կամ պոմիդորը, որը շատ դիմացկուն է, սակայն դա գենետիկական փոփոխության արդյունք է. «Էկոանվտանգության ապահովման մասով մենք շատ խնդիրներ ունենք: Այսօրվա և ապագա սերունդների շահերից ելնելով`պետք է ապահովենք մեր էկոանվտանգությունը, որովհետև նման սնունդը մարդու վրա խիստ բացասական ազդեցություն կունենա»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































