The Rolling Stones լեգենդար խմբի ղեկավար Միք Ջագերը կծու կատակ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու ԱՄՆ-ում ու արտասահմանում էլեկտրոնային վերահսկման կառավարական ծրագրի վերաբերյալ, հայտնում է CBS-ը:
Ելույթ ունենալով երկուշաբթի Վաշինգտոնի Verizon Center համալիրում՝ նա բեմից բղավել է. «Չեմ կարծում, թե Օբաման այսօր այստեղ է: Բայց վստահ եմ՝ մեզ գաղտնալսում են»: Հանդիսատեսն արձագանքել է այդ ակնարկին սուլոցներով ու ծափահարություններով:
Վաշինգտոնում The Rolling Stones-ի համերգը կազմակերպվել էր խմբի կեսդարյա հոբելյանի առթիվ միջոցառումների շրջանակում։
Ինչպես նշում է հեռուստաալիքը, ավելի վաղ Ջագերն աչքի չի ընկել ԱՄՆ գործող վարչակարգի նկատմամբ իր հակակրանքով:
Անցած տարի նա Սպիտակ տանը մասնակցել է բլյուզի երեկոյին, որտեղ արտիստների հետ մի քանի բառ էր երգել նաև Օբաման:









































