ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը քննադատել է Ռուսաստանին Վրաստանի և Հարավային Օսիայի միջև վարչական սահմանի երկայնքով փշալարեր անցկացնելու համար և նրանից պահանջել է միջազգային պարտավորությունների կատարում: Այս մասին հայտում է Interfax-ը:
«Փշալարերի տեղադրումը հակասում է 2008-ին կրակի դադարեցման մասին համաձայնագրին և միանգամայն անընդունելի է մեզ համար: Մենք պահանջում ենք միջազգայնորեն ճանաչված սահմաններով Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանք»,- երեկ երեկոյան հայտարարել է Ռասմուսենը:
Միևնույն ժամանակ դաշինքի գլխավոր քարտուղարն ասել է, որ Ռուսաստանը չպետք է միջամտի որևէ երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում:
«Մենք մեկ անգամ չէ, որ ասում ենք՝ դաշինքի դռները մնում են բաց: Բուխարեստի գագաթնաժողովին ասվել է, որ Վրաստանն ու Ուկրաինան կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ, եթե ունեն նման ցանկություն, և եթե բավարարեն չափորոշիչներին: Այդ իսկ պատճառով Ռուսաստանը չէ, որ պետք է որոշի, թե ով կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- հայտարարել է Ռասմուսենը:










































