Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատախազը շարունակում է հրապարակել Սամվել Հարությունյանի նախաքննական ցուցմունքները: Դրանք տեսաձայնագրվել են հարցաքննվողի համաձայնությամբ:
Ըստ այդ ցուցմունքների՝ Վարդան Սեդրակյանը ցույց է տվել Հայրիկյանի լուսանկարը, ասել է, որ պետք է վախեցնել: Հետևելու ծախսերի համար Սեդրակյանից վերցրել է մոտ երեք հազար դոլար:
Հարությունյանն ընդունել է, որ ինքը եղել է Վարդան Սեդրակյանի նախընտրական շտաբում: Պատվերը ստացել է նրանից: Կատարումից հետո եղել են Սեդրակյանի տանը: Վերջինս ասել է՝ այդպես չպիտի լիներ, Հարությունյանը պատասխանել է՝ այդպես է ստացվել: Հայրիկյանի լուսանկարը Սեդրակյանը ցույց էր տվել թերթում: Մյուս թեկնածուների մասին ասել է՝ սա պետք չի, սա պետք չի, սա պետք է՝ դա Հայրիկյանի լուսանկարն էր:
Որոշել են, որ Խաչատուրը մենակ գնա վախեցնելու, այդպես ավելի ճիշտ կլինի: Հարությունյանը սպասել է մեքենայի մեջ, բայց Խաչատուր Պողոսյանը այլ ճանապարհով է փախել՝ իրադրության հետ կապված: Հեռախոսով խոսել Խաչատուրի հետ, հանդիպել Քանաքեռում:
Խլացուցիչ դրել են ատրճանակին, որ հարևանները չլսեն:
Հայրիկյանին հետևել են երեք-չորս օր: Հայրիկյանի շտաբի տեղն իմացել են հեռուստահաղորդումից:
Սեդրակյանը խոստացել էր երկու հարյուր հազար դրամ էլ տալ, որ ձեռքներին փող լիներ:
Զենքն իրականում ունեին, բայց Սեդրակյանից հազար դոլար են վերցրել՝ իբր զենք են ձեռք բերել: Բայց օգտագործել են Խաչատուր Պողոսյանի ունեցած ատրճանակը:
Վարդան Սեդրակյանի հետ գործ է ունեցել նրա տան շինարարության, վերանորոգման աշխատանքների հետ կապված:
Քարոզարշավից առաջ ու դրա ընթացքում Հարությունյանը տարածել է «Վերևում Աստված կա» մակագրությամբ Սեդրակյանի լազերային սկավառակները: Դա արել է անշահախնդիր, որովհետև արդեն իրեն մտերիմ էր համարում նրան:
Հարությունյանը դեկտեմբերին Սեդրակյանից ուզել է երեք հազար դոլար պարտք, քանի որ եղբայրը կալանավորված էր ավազակային հարձակման գործով: Սեդրակյանը տվել է գումարը: Ապա ասել է, որ մի մարդ կա, պիտի վախեցնեն:
Հայրիկյանի լուսանկարը ցույց է տվել թերթում, անվայել խոսքեր է ասել նրա հասցեին: Թեկնածուներից մեկի լուսանկարը ցույց տալով՝ ասել է. «Մեղք է, հինգ երեխա ունի»:
Վարդանն ասել է, որ կրակոցով պետք է վախեցնել Հայրիկյանին: Ստույգ գումար չի խոստացել, բայց ասել է, որ գումար կտա: Հարությունյանը որոշել է Խաչատուրի հետ կատարել պատվերը, այլ մարդու չխառնել:
Հետո Սեդրակյանն ասել է՝ վախեցնելու գործը պետք է արագացնել: Զենքի համար տվել է հազար դոլար՝ այն հանելով ծոցագրպանից: Հարությունյանը չի ասել, թե պիտի ինքն ու Խաչատուրը վախեցնեն: Սեդրակյանը հարցրել է՝ կատարողներին ինչքա՞ն պիտի տա: Հարությունյանը «լղոզված» պատասխանել է՝ դեռ պարզ չէ: Իբր՝ ուրիշները պիտի կատարեին:
Հետևել են Հայրիկյանին: Հարությունյանը Սեդրակյանին ասել է՝ մարդկանց ընթացիկ ծախսերի համար գումար է պետք: Սեդրակյանը տարբեր գումարներ է տրամադրել՝ հազար դոլար, երկու հարյուր հազար դրամ, հարյուր հազար դրամ և այլն:
Հայրիկյանի վրա հարձակումը պիտի կատարեին «հարմար պահի»:
Դեպքի օրը Հայրիկյանի հետևից գնացել են «Արմենիա» հեռուստաընկերություն, սպասել, ապա շարունակել են հետևել:Տեսնելով, որ Հայրիկյանը գնում է տուն, որոշել են պահն օգտագործել, իրականցնել վախեցնելու պատվերը: Հայրիկյանի մեքենայից առաջ են գնացել նրա շենքի մոտ, Խաչատուրն իջել է, Հարությունյանը մնացել նրա մեքենայում: Շարժիչը չի անջատել, որ Խաչատուրը գա ու փախչեն, բայց նա զանգել ու ասել է, որ տաքսիով հասել է Քանաքեռ:
Հանդիպել են, Խաչատուրն ասել է՝ շատ վատ բան է եղել, կրակոցը դիպել է Հայրիկյանին, որովհետև նա դիմադրել է, շարժվել գոռացել, հարևաններ են դուրս եկել: Հարությունյանը կրակոցները չի լսել:
Դեպքից հետո մի օր մնացել է տանը, հասկացել, որ մեծ աղմուկ է բարձրացել: Մոտ երեք օր անց Հարությունյանը հանդիպել է Սեդրակյանին, ասել, որ ինքն ու Խաչիկն են արել, և քաշքշոցի պատճառով Խաչիկը կրակել է Հայրիկյանի վրա: Սեդրակյանը բարկացել է, որ չեն ասել, թե իրենք են կատարելու: Հարությունյանն ասել է՝ փողի կարիք ունեինք:










































