Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այն հայտարարությունները, որոնք առնչվել են Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:
Շուլցն իր դիրքորոշումը շարադրել է Էրդողանին հասցեագրած նամակում: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է «արյան անալիզ» վերցնել գերմանացի այն պատգամավորներից, որոնք ունեն թուրքական արմատներ՝ պարզելու համար, որ նրանք իսկապես թուրք են:
Բացի այդ, Էրդողանը ենթադրել էր, որ պատգամավորները կարող էին գործել ի շահ PKK-ի, որը Գերմանիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն:
Շուլցը արձագանքել է Էրդողանի խոսքերին. «Նման վարքը իրենից ներկայացնում է տաբուի ակնհայտ խախտում, ես խստորեն դատապարտում եմ դա»: Շուլցը պահանջել է, որ Անկարան այլևս գերմանացի պատգամավորների խորհրդարանական գործունեությունը չհամեմատի ահաբեկչական կազմակերպության գործունեության հետ:






































