Թուրքիայի ամենախոշոր քաղաքներից մեկում՝ Ստամբուլում, շարունակվող քաղաքացիական ըմբոստության լայնածավալ ալիքը՝ ի պաշտպանություն Գեզի պուրակի, օրեր առաջ հասավ նաև Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող հայկական գերեզմանատուն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Թուրքիայում հրատարակվող «Ակօս» թերթի նախկին պատասխանատու խմբագիր, ներկայում IMC հեռուստաընկերության ծրագրավորող Արիս Նալջըն՝ անդրադառնալով երկու օր առաջ Շիշլի թաղամասում տեղի ունեցած միջադեպին:
Թեև թուրքական մամուլում տարածված տեղեկությունները հերքվեցին գերեզմանատան աշխատակիցների կողմից, Արիս Նալջըն, ով բախումների կիզակետում է եղել, հավաստիացրեց, որ նման միջադեպ տեղի է ունեցել:
Մանրամասնելով՝ նա ասաց, որ ոստիկանական ճնշումների արդյունքում խռովության մասնակիցները հաճախ փորձում են ազատվել ոստիկանների ճիրաններից՝ թաքստոցներ փնտրելով առավել անվտանգ վայրերում: Նա նշեց, որ օրեր առաջ Ստամբուլի Գեզի պուրակի պաշտպանները որոշեցին պատսպարվել Շիշլի թաղամասի Կարագյոզյան դպրոցի հարևանությամբ գտնվող հայկական գերեզմանատանը:
«Մի քանի օր առաջ էր, երբ այդ դեպքերը պատահեցին. Շիշլիի գերեզմանատուն մտան ոստիկանները, որտեղ մարդիկ մտել էին որպես թաքստոց, և սկսեցին արցունքաբեր գազ կիրառել ակտիվիստների նկատմամբ: Այդպես փորձեցին ցրել խռովարարներին նաև գերեզմանատնից»,- պատմեց Արիս Նալջըն: Վերջինս ուրախությամբ տեղեկացրեց, որ ոստիկանական գործողությունների արդյունքում գերեզմանատանը ոչ մի վնաս չի պատճառվել:
Անդրադառնալով այս օրերին Ստամբուլում տիրող իրավիճակին՝ նա ասաց, որ կառավարության և խռովարարների միջև լարվածությունը փոքր-ինչ մեղմվել է շարունակվող բանակցությունների և ձեռք բերված որոշակի համաձայնությունների արդյունքում: Նրա խոսքով՝ վերջին մի քանի օրերի ընթացքում բախումներն այդքան ինտենսիվ չեն, և իրավիճակի կարգավորման միտում կա:










































