Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունն այսօր հայտարարել է, որ Հայաստանի երկու քաղաքացիներ ձերբակալվել են և տուգանվել՝ երկիր թանկարժեք իրերի ապօրինի անցկացման համար: Այս մասին հայտնում է newsgeorgia-ն:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ հունիսի 20-ին հայ-վրացական սահմանի «Սադախլո» մաքսային անցակետին ոտքով մոտեցել է Հայաստանի քաղաքացի Բ. Ա.-ն, որի ուղեբեռի ստուգման ժամանակ հայտնաբերվել են չհայտարարագրված ապրանքներ՝ երեք զույգ ականջօղ, մեկ ոսկե մատանի և 238 փոքր ադամանդներ:
Եկամուտների ծառայության տվյալներով՝ քաղաքացուն, որը փորձել է անցկացնել մոտ 1500 դոլար արժեքով զարդեր, տուգանել են 1000 լարիով (մոտ 600 դոլար):
Հայաստանի երկրորդ քաղաքացու ձերբակալությունը տեղի է ունեցել մի քանի ժամ անց: Անցակետին է մոտեցել ՀՀ պետհամարանիշներով Neoplan մակնիշի ավտոբուս, որը վարել է Հայաստանի քաղաքացի Կ. Ա.-ն: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված ապրանք՝ 18.66 գրամ ընդհանուր քաշով ադամանդե երկու մատանիներ: Ապրանքի արժեքը կազմել է մոտ 700 դոլար: Նա նույնպես տուգանվել է 600 դոլարով:









































