Այս տարի Թուրքիայի հարաբերությունները գրեթե բոլոր երկրների հետ հարթ չեն դասավորվում: Թուրքիայի իշխանություններին բարկացրեց այն, որ Վաշինգտոնը ԴԱԻՇ-ի դեմ պայքարում աջակցում է Սիրիայի քրդերին, ում Անկարան համարում է Թուրքիայում իրականացվող ահաբեկչությունների պատասխանատուն: Մոսկվայի հետ Անկարայի հարաբերությունները կտրուկ վատացան անցյալ տարի նոյեմբերին թուրքական զինուժի կողմից ռուսական ինքնաթիռի ոչնչացումից հետո: Էրդողանին կատաղեցրեց Գերմանիայում իրեն ծաղրած հեռուստալրագրող Յան Բեմերմանը. Էրդողանը դատական հայց ներկայացրեց նրա դեմ:
Ի հավելումն այս ամենի՝ հինգշաբթի օրը Գերմանիայի Բունդեսթագը ձայների ճնշող մեծամասնությամբ ցեղասպանություն որակեց 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ թուրքերի իրականացրած սպանությունները: Գերմանիան արեց այն, ինչին կտրականապես դեմ է Էրդողանի կառավարությունը, և ինչը աշխատում է թույլ չտալ այլ երկրներում, այդ թվում և՝ ԱՄՆ-ում:
Այսպես, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վճռական չգտնվեց այդ սպանությունները ցեղասպանություն որակելու հարցում՝ չնայած 2008թ. նախագահական ընտրապայքարում արված խոստումներին:
Ի պատասխան Բուդեսթագի որոշմանը՝ Անկարան հետ կանչեց Բեռլինից իր դեսպանին: Պաշտոնական այցով Քենիայում գտնվող Էրդողանը հայտարարեց, որ Գերմանիայի կողմից հայերի սպանությունները ցեղասպանություն որակելը «լուրջ ազդեցություն կթողնի» երկու երկրների հարաբերությունների վրա: Իսկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թվիթերյան իր միկրոբլոգում գրեց. «Անպատասխանատու և անհիմն քայլերով այլ երկրների պատմությունները սևացնելը սեփական պատմության մութ էջերը թաքցնելու միջոց չէ»: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին 1,5 մլն հայ է սպանվել, սակայն Թուրքիան հայտարարում է, որ այդ թիվն ուռճացված է, և որ հիմնականում սպանվածները քաղաքացիական պատերազմի զոհեր են:
Գերմանացի պատգամավորները որոշում ընդունեցին բարդ իրավիճակում: ԵՄ-ն փորձում է աջակցել առանց այն էլ կասկածելի թվացող մի ծրագրի, որի համաձայն՝ Թուրքիան պետք է փախստականների լրացուցիչ քանակ ընդունի՝ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի դիմաց: Անկարան հույս ուներ, որ դա հիմք կլիներ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար: Եվ այն, որ Թուրքիան հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին (մի երկիր, որը փախստականների հետ կապված ծրագրի և առանց վիզայի ռեժիմի հիմնական նախաձեռնողն է և Թուրքիայի հիմնական առևտրային գործընկերը ԵՄ-ում) այնքան էլ հաջող քայլ չէ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին:
Վաշինգտոնում Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վաշինգտոնյան կենտրոնի թուրքական նախագծի հիմնադիր Բյուլենթ Ալիռըզայի խոսքով՝ դեռ վաղ է խոսել այն մասին, թե որքան լուրջ ազդեցություն կունենա երկու երկրների հարաբերությունների վրա Բունդեսթագի այդ որոշումը:
Մերկելը նույնպես անհանգստացած է, թե Գերմանիայի մոտ 3,5 մլն թվաքանակով թուրք համայնքը ինչպես կարձագանքի Բունդեսթագի որոշմանը: «Ես ուզում եմ թուրքական արմատներ ունեցող մարդկանց ասել, որ մենք ոչ միայն ուրախ ենք, որ դուք այստեղ եք, այլև դուք այս երկրի մի հատվածն եք»,- հայտարարել է Մերկելը:
Ինչ էլ որ պատահի, ըստ երևույթին, Էրդողանը նույնպես այնքան էլ պատրաստ չէ ամբողջովին խզելու Գերմանիայի հետ կապերը: Ալիռըզայի խոսքով՝ որքան էլ վերջին տարիներին տարբեր երկրների ներկայացուցիչների կողմից Էրդողանի հասցեին ավելի հաճախ են հնչում քննադատական խոսքեր, այնուամենայնիվ, Թուրքիայի իշխանությունները փորձում են վերականգնել հարաբերությունները նախկինում մտերիմ գործընկեր համարվող երկրների հետ:
«Դա պետք է դիտել արտաքին աշխարհի հետ Թուրքիայի հարաբերությունների վատթարացման համատեքստում,- ասել է Ալիռըզան,- հարցն այն է՝ կբարելավվի՞, թե՞ կվատթարանա իրավիճակը՝ հաշվի առնելով, որ Գերմանիան, որ մինչ այժմ անվերապահորեն աջակցում էր Թուրքիային, գտնվում է այսպիսի լարված վիճակում: Հարցն առայժմ բաց է մնում»:











































