Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի կենտրոնում գտնվող նախագահական պալատի հրդեհը տեղայնացվել է: Ինչպես հայտնել է պետական հրշեջ-փրկարարական ծառայության մամլո ծառայության ներկայացուցիչ Վիկտորյա Շեմբելեն, կրակի դեմ պայքարը, որը շարունակվել է ողջ գիշեր, բարդացել է ջրի սղության պատճառով, որը հասանելի է եղել միայն ավտոցիստեռններից: Հրշեջները փորձել են ջուր քաշել մոտակա գետից, սակայն ապարդյուն: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Իշխանությունները մոբիլիզացրել են հավելյալ ուժեր: Մայրաքաղաքայի 10 հրշեջ հաշվարկներից բացի՝ ներգրավված են փրկարարական ջոկատներ Յուրմալայից: Նախատեսվել է օդուժի ուղղաթիռ գործարկել, սակայն մթության պատճառով փրկարարները չեն կարողացել կիրառել այն:
Հրդեհի մասին ահազանգը ստացվել է երեկ՝ Երևանի ժամանակով ժամը 23.21-ին: Հրդեհը համարվում է վտանգավորության բարձր աստիճանի: Հրդեհի չեզոքացման ժամանակ տուժել է մեկ փրկարար, որը թունավորվել է շմոլ գազից: Հրդեհը պատած տարածքի մակերեսը կազմել է 3.2 հազար քառակուսի մետր: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Զգալիորեն վնասվել է Լատվիայի պատմության թանգարանը, որը գտնվում է «Ռիգայի ամրոցի» ներսում:
Լատվիայի մշակույթի նախարարի նախաձեռնությամբ այսօր առավոտյան կգումարվի Ճգնաժամային հանձնաժողովի արտակարգ նիստ, որում կքննարկվի ստեղծված իրավիճակը:
Անցած տարվա հոկտեմբերից ամրոցում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում, որոնք ծրագրված էր ավարտել 2.5 տարվա ընթացքում:







































