Անհայտ անձինք Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում հարձակվել են համալսարանի վրա՝ շենքին հասցնելով զգալի վնաս: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Վենեսուելայի Կենտրոնական համալսարանի ղեկավարության ներկայացուցիչ Ամալիո Բելմոնտեի խոսքով՝ դիմակավորված 20 մարդուց կազմված խումբը ներխուժել է ուսանողական համալիրի տարածք: Հանցագործներն օդ են կրակել, այնուհետև երկու ավտոբուս այրել: Դրանցից մեկը կայանված է եղել ռեկտորի գրասենյակի մոտ: Հրդեհի հետևանքով շենքը լրջորեն վնասվել է: Տուժածների մասին չի հաղորդվում:
Բելմոնտեն ենթադրում է, որ հարձակումը զսպման ակցիա էր՝ ի պատասխան ուսանողական ելույթների, որոնք սկսվել են հունիսի 7-ին՝ դասախոսների աշխատավարձերի բարձրացման և համալսարանի բյուջեի մեծացման պահանջով:







































