Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ խոսեց Վերահսկիչ պալատի 2012թ. հաշվետվության մասին: Նա վստահեցրեց, որ անձամբ շահագրգռված է իրավապահ մարմինների կողմից Վերահսկիչ պալատի բոլոր բացահայտումների մեջ:
«Ամեն ինչ անելու եմ, որ հրապարակային հնչած մեղադրանքները ստանան պատասխան: Ամբողջությամբ կիսում եմ ԱԺ նախագահի տեսակետը, որ երբևէ պետական բյուջեի միջոցները մսխած պաշտոնյաները պետք է կրեն արժանի պատիժ»,- նշեց Տ. Սարգսյանը` հավելելով, որ Վերահսկիչ պալատը մասնագիտացված կառույց է, իրավունք չունի հանդես գալ քաղաքական հայտարարություններով:
«Քաղաքական գնահատականներ տալը Ազգային ժողովի ու գործադիր իշխանության ֆունկցիաներն են»,- ասաց Տ. Սարգսյանը: Նրան հատկապես դուր չէր եկել այն հայտարարությունը, թե բյուջեի 70%-ը ռիսկային է: «Այս հայտարարությունը վերաբերում է այստեղ նստած յուրաքանչյուրիդ, որովհետև 70%-ը վերաբերում է բոլոր ոլորտներին, ինչը չի կարող համապատասխանել իրականությանը»,- հայտարարեց Տ. Սարգսյանը` կառավարության անդամներին հանձնարարելով պատասխան տալ բոլոր բացահայտումներին` հերքելով, հաստատելով կամ դատախազություն գործեր ներկայացնելով:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































