Սինգապուրը պարուրված է ծխով՝ Սումատրա ինդոնեզական կղզում անտառային հրդեհների պատճառով: Չորեքշաբթի երեկոյան օդի աղտոտվածության ինդեքսը գերազանցել է 320 կետը: Ինչպես նշվում է, օդի աղտոտվածությունը 100 կետ մակարդակ հասնելու դեպքում վնասակար է առողջության համար:
Սինգապուրում չեղյալ են հայտարարվել սպորտային մի քանի միջոցառումներ: Վատ տեսանելիության պատճառով քաղաքում երթևեկությունը սահմանափակվել է:
Սինգապուրի աշխատանքային ռեսուրսների նախարարությունը գործատուներին կոչ է արել անձնակազմին ապահովել պաշտպանիչ դիմակներով:
Երկրի վարչապետ Լի Սյան Լունը բնակիչներին կոչ է արել դուրս չգալ տներից: Այսօր նա խորհրդակցություն է անցկացնելու պրոֆիլային գերատեսչությունների հետ, քննարկվելու է շրջակա միջավայրի աղտոտման իրավիճակը:
Սինգապուրն Ինդոնեզիային կոչ է արել «արագ միջոցներ» ձեռնարկել Սումատրա կղզում անտառային հրդեհները մեկուսացնելու համար, որոնց ծուխը տարածվում է խիտ բնակեցված հարևան քաղաք-պետությունների վրա:









































