Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) փոխնախագահ Օսման Քորութուրքը և այլ ներկայացուցիչներ այցելել են Ստամբուլի հունական և հայկական պատրիարքարաններ: Ընդ որում, Պոլսո Հայոց պատրիարքարան կատարած այցն առավել տևական է ստացվել, քան դա ակնկալվում էր:
Քորութուրքը Հունական պատրիարքարանին հատկացրել է կես ժամ, իսկ Հայոց պատրիարքարանին` մեկուկես ժամ: Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ հանդիպման ժամանակ նա անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և Հայոց ցեղասպանության հիմնախնդրին.
«1915 թվականին երկու կողմն էլ տառապանքներ են կրել, և սխալ կլինի հարցին միակողմանի նայելը: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նման մենք էլ կողմնակից ենք պատմաբանների հանձնաժողովի ձևավորմանը, սակայն Հայաստանը դա հավանության չի արժանացնում:
Ինչ վերաբերում է մեր կուսակցության կողմից հայ թեկնածուներ չառաջադրելուն, ապա խնդիրն «ազգային ինքնության» մեջ չէ: Մեր կուսակցության վարչակազմում և տեղական մարմիներում կան հայազգի քաղաքացիներ»:
Հիշեցնենք, որ վաղորոք նշվում էր, թե ԺՀԿ-ն հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար առաջադրելու է հայազգի Արև Ջեբեջիի թեկնածությունը:
Ինչ վերաբերում է ԺՀԿ փոխնախագահի այցին, ապա այս էժանագին հնարքը նախընտրական քարոզարշավի բաղկացուցիչ մասերից է, ինչը, սակայն,
դատապարտված է ձախողման, քանի որ ԺՀԿ-ն ներկայացնում է հայ և հույն
ժողովուրդների դահիճ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի ավանդույթներն ու հայացքները պահպանող ու ներկայացնող ուժը: