Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկումն այսօր ԱԺ-ում անցավ կիսադատարկ դահլիճում։ Օրվա երկրորդ կեսին կայացած քննարկմանը կառավարությունից ներկա էր փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Կառավարության մյուս անդամներին ՎՊ հաշվետվությունը չէր հետաքրքրել: Քննարկմանը քիչ էր նաև ԲՀԿ-ականների թիվը. նրանցից ակտիվ էր միայն Միքայել Մելքումյանը: Մյուսները հարցեր չունեին ՎՊ բացահայտած խախտումների վերաբերյալ, ոչ էլ ելույթի ցանկություն ունեին:
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն, անդրադառնալով Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկմանն, ասաց. «Եթե Սերժ Սարգսյանն այս ամենի բեմադրիչ ռեժիսորը չի, իսկ Իշխան Զաքարյանը՝ սցենարիստը, և իրոք ուզում ենք հասարակության մեջ արդարադատության հանդեպ հավատը վերականգնել, ապա այս հաշվետվությունը պետք է դարձնենք հաղորդում հանցագործության մասին: … Եթե սա թատրոն չէ, պետք է լինեն հստակ գործողություններ: Եվ մենք այդ պահանջը պետք է տանենք մինչև վերջ: Ոչ թե ընտրովի մեղադրյալներ ներգրավվեն, ընտրովի արդարադատություն տեղի ունենա, ինչպես այսօր կատարվում է Հայաստանի Հանրապետությունում»: Փոստանջյանը հիշեցրեց Օսկանյանի դեպքը և հավելեց. «Այս դեպքում մենք տեսնում ենք, որ հասարակության գումարները յուրացրել, գողացել են, եղել է պաշտոնական դիրքի չարաշահում»:
Զ. Փոստանջյանն անդրադարձավ քաղաքապետարանում հայտնաբերված չարաշահումներին, երբ իրական գնից բավական էժան գնով պետական հող էր վաճառվել: «Փոխվարչապետն ինձ պատասխանում է, թե Տարոն Մարգարյանը, լինելով քաղաքապետ, կատարել է այնպիսի գործողություն, որն իրեն լիազորել է ավագանին: Երբ մարդը մի քանի տարվա մեջ ձեռք է բերում հսկայական հարստություն, մենք հասկանում ենք, որ տեղի է ունեցել և՛ յուրացում, և՛ գողություն: Պարզ է, որ այս մարդը մասնակցում է այս գործողություններին. եթե չմասնակցեր, չէր կարող ձեռք բերել: Եթե Իշխան Զաքարյանը այս ներկայացման սցենարիստը չէ, ապա ինքը պետք է ներկայացնի դատախազություն: Հասկանում եմ՝ բեմադրիչ ռեժիսորը Սերժ Սարգսյանն է, սակայն հիմա հասկացել է, որ պետք է «զադնի տալ»»:
Փոստանջյանի խոսքերով՝ ինքը կողմնակից չէ, որ Տարոն Մարգարյանին տեսնենք Նուբարաշենի բանտախցում, ոչ էլ՝ որևէ պաշտոնյայի, սակայն, ըստ նրա, «հսկայական գումարների յուրացման և գողության մասին է խոսքը»:








































