Ռուսաստանի Կազան քաղաքում հուլիսի 6-17-ը տեղի կունենան համաշխարհային ուսանողական հերթական` 27-րդ խաղերը: Ստուգատեսի ցանկում տեղ են գտել ռեկորդային թվով` 27 մարզաձևեր: Սպասվում է, որ մրցավայր կժամանեն 170 երկրների 13 հազար ուսանող մարզիկ – մարզուհիներ: Նրանք կպայքարեն մեդալի 350 հավաքածուների համար:
Հայաստանը նույնպես կներկայացնի իր պատվիրակությունը: Մրցասպարեզ կելնեն մեր՝ շուրջ 40 պատվիրակներ: Նրանք կներկայացնեն ազատ և հունահռոմեական ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ, սամբո, ձյուդո, գոտիներով ըմբշամարտ, շախմատ, լող և աթլետիկա մարզաձևերը:
Մրցաշարին կմասնակցեն նաև ըմբիշներ, օլիմպիական խաղերի մրցանակակիրներ՝ Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանը, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մեդալակիրներ, ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը, բռնցքամարտիկներ՝ Կորյուն Սողոմոնյանը, Արթուր Քիրաջյանը, ծանրորդներ՝ Սմբատ Մարգարյանը, Աղասի Աղասյանը, շախմատիստներ՝ Զավեն Անդրիասյանը, Սամվել Տեր- Սահակյանը և այլք:
Մինչ ունիվերսիադայի մեկնարկը ուսանող մարզիկները կգտնվեն ուսումնամարզական հավաքներում: Մրցումներին զուգահեռ նախատեսված է կազմակերպել միջազգային փառատոններ: Ուսանողների պայքարում ընդգրկվողների ավելի քան 60 տոկոսը հանդես են եկել օլիմպիական խաղերում: Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ մամլո ծառայությունը:







































