Սյունիքի մարզը մշտապես աչքի է ընկել իշխանության վերարտադրման բարձր ցուցանիշներով. այսօր ԱԺ ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցածին:
Ըստ նրա՝ պետք է հետամուտ լինել, որ լիարժեքորեն բացահայտվի այն, ինչ տեղի է ունեցել, և մեղավորները պատժվեն՝ անկախ իրենց զբաղեցրած դիրքից: Ռուստամյանի խոսքերով՝ նման դեպքերը հետևանքն են այն իրավիճակի, որ իշխանության վերարտադրման համակարգը մարդկանց անպատժելիության պսակ է շնորհել, որը նրանց թույլ է տալիս անել՝ ինչ ուզենան: «Իսկ Սյունիքի մարզն աչքի է ընկել վերարտադրման բարձր ցուցանիշներով. սա առաջին դեպքը չէր: Երբ ՀՀ վարչապետը նոր էր նշանակվել, առաջին քայլերից մեկն այն էր, որ ծառայողական քննություն սկսի ինչ-ինչ խախտումների փաստով, սակայն հետագայում պարզվեց, որ խախտումներ չեն եղել: Սրա շարունակականությունը հանգեցնում է այն բանին, որ մարդկանց թվում է, թե իրենք անպատժելի են: Հերթական դեպքը պատահական հանցագործություն որակել չի կարելի, օրենքի առաջ բոլորը հավասար են, միայն այն փաստը, որ այդքան զենք ու զինամթերք է հայտնաբերվել՝ տագնապ է հարուցում»,- ասաց Արմեն Ռուստամյանը:








































