Թուրքիայում բողոքի ակցիաները մեծ թափ են ստացել այն պատճառով, որ օտարերկրյա մամուլը և համացանցային կայքերը հանրությանը երկրում տիրող իրավիճակի մասին կեղծ տեղեկություններ են հաղորդում: Նման հայտարարությամբ հանդես է եկել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Օտարեկրյա ԶԼՄ-ները սիստեմատիկ ապատեղեկացնում են հասարակությանը և գործում չարամտաբար: Այդ պատճառով էլ բողոքի ակցիաներն ավելի լայնամասշտաբ են դարձել»,- Թուրքիայի վարչապետի խոսքերը մեջբերում է Interfax-ը:
Վարչապետն ընդգծել է, որ սպառնալիքի տակ է երկրի տնտեսությունը: «Այս բողոքի ակցիան ուղղակիորեն անդրադարձել է Թուրքիայի տնտեսության վրա: Տոկոսադրույքների աճը վախեցնում է ներդրողներին: Դա մեծ նախագծի մի մաս է: Դա արվում է համաձայնեցնելով երկրի ներսում և դրանից դուրս:
Այդ գործողությունները թաքցնելու համար ելույթներ են անհրաժեշտ Թաքսիմի հրապարակում և Գեզիի այգում: Մեծ խաղ է ընթանում, իսկ Գեզիի այգու բողոքի ակցիան ընդամենն առիթ է»,- ասել է Էրդողանը:








































