Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն հունիսի վերջին՝ քննարկելու համար նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման նախապատրաստության հարցերը: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Լոնդոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո:
Մամեդյարովի խոսքերով՝ միջնորդները շարունակում են պատրաստել նախագահների հանդիպումը: «Սակայն մենք ցանկանում ենք, որ այն լինի բովանդակալից, այլ ոչ միայն հանուն հանդիպման»,- ասել է նա:
Մամեդյարովը նաև նշել է, որ համանախագահների ծրագրերի համաձայն՝ հունիսի վերջին նրանք ցանկանում են հանդիպել Հայաստանի և Արդբեջանի արտգործնախարարների հետ:
«Դեռևս հայտնի չէ, թե ինչ ձևաչափով կանցկացվի այս հանդիպումը: Այս կապակցությամբ քննարկումներ են ընթանում: Նրանք կրկին կարող են այցելել տարածաշրջան: Ամեն դեպքում նման հանդիպումը նախատեսված է հունիսի վերջին»,- նշել է Մամեդյարովը:











































