Երկուշաբթի Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի միջազգային օդանավակայանի մոտ մի քանի պայթյուններ են որոտացել, որից հետո օդանավակայանի շրջանում սկսվել է փոխհրաձգություն:
Միջազգային օդանավակայանի մոտ տեղակայված օբյեկտների վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով թալիբների մամլո քարտուղարին: Նրանց թիրախը եղել է օդանավակայանի ռազմական մասը:
«Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հարձակումը թալիբների մոտ ձևավորված ավանդույթի համաձայն՝ տեղի է ունեցել առավոտյան, տեղի ժամանակով ժամը 4.20-ին: Քաբուլի ոստիկանության տվյալներով՝ մահապարտ ահաբեկիչների մի խումբ գրավել է օդանավակայանի մոտ գտնվող շենքը, որից հետո փոխհրաձգություն է սկսվել անվտանգության ուժերի հետ:
Հաղորդվում է, որ շարժման անդամները զոհվել են: Քաբուլի ոստիկանության ղեկավարի խոսքերով՝ երկու մահապարտներ իրենք են պայթել, իսկ ևս 5-ը զոհվել են փոխհրաձգության հետևանքով: Նա նշել է, որ ոստիկանների և զինվորականների շրջանում զոհեր չկան: Քաղաքացիների շրջանում զոհերի մասին նույնպես չի հաղորդվում:
Քաբուլի օդանավակայանն օգտագործվում է ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական թռիչքների համար: Քաբուլի օդանավակայանի մոտ է տեղակայված նաև Աֆղանստանում ՆԱՏՕ-ի շտաբ գրասենյակը:










































