Նկարիչ Էրտեի աշխատանքների հավաքածուն, որը նախկինում պատկանել է փարիզյան կաբարեի սեփականատեր Էլեն Մարտինիին, շաբաթ օրն աճուրդի կհանվի Փարիզում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով Bailly-Pommery & Voutier աճուրդի տունը:
Մարտինին մտադիր է ընդհանուր առմամբ վաճառել է Էրտեի ստեղծագործությունների 1000 օրինակ: Հունիսի 8-ին կներկայացվի դրանցից 300-ը, այդ թվում՝ դեկորացիաներ և հանդերձանքներ, որոնք ստեղծվել են Ջորջ Ուայթի «Սկանդալեր» մյուզիքլի, Մորիս Իվանի Au temps des merveilleuses օպերետի, «Շատլե» փարիզյան թատրոնի, Folies Pigalle-ի համար և այլն:
Էրտեի աշխատանքներից յուրաքանչյուրի նախնական գինը` կախված սերիայից, սահմանվել է 300-400 եվրոյից մինչև 600-800 եվրո:
Ռուս էմիգրանտ Էրտեն (իսկական անունը՝ Ռոման Տիրտով) Harpers Bazaar և Vogue հայտնի ամսագրերի շապիկները ստեղծելուց բացի, համագործակցել է Փոլ Պուարեի հետ` որպես մոդելյոր, հանդերձանքներ է ստեղծել Folies Bergere, Lido, Folies-Pigalle և Moulin Rouge կաբարեների համար:
Էլեն Մարտինիի հետ նա ծանոթացել է Երկրորդ աշխարհամարտից հետո: Նրանց ընկերությունը տևել է ուղիղ 40 տարի: Նկարիչը մահացել է 1990 թ., 97 տարեկան հասակում՝ Փարիզում:









































