Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ, նոր «երկրաշարժ» է գրանցվել «Ազգայնական շարժում» կուսակցությունում (ԱՇԿ): Այս անգամ էլ, չգիտես որտեղից, ի հայտ է եկել «սեռական բնույթի մի տեսագրություն», որի զոհը դարձել են կազմակերպչական հարցերով ԱՇԿ փոխնախագահ Բյուլենթ Դիդինմեզն ու Ստամբուլի նահանգում ԱՇԿ նախկին նախագահ Իհսան Բարութչուն:
Նրանց ինտիմ կյանքին առնչվող կադրերը նկարահանվել են թաքնված տեսախցիկի օգնությամբ, ապա ինչ-որ մեկի թեթև ձեռքով հայտնվել ինտերնետում ու դարձել աղմկահարույց սկանդալի պատճառ:
Ի դեպ, ԱՇԿ-ն նրանց երկուսի թեկնածությունն էլ առաջադրել էր Ստամբուլում:
Նշվում է, որ գոյություն ունի 8 նմանատիպ տեսագրություն ևս:
Հիշեցնենք, որ ԱՇԿ-ում առաջին «երկրաշարժը» գրանցվեց ապրիլի 28-ին, երբ ինտերնետում հայտնվեցին ԱՇԿ փոխնախագահներ Ռեջայի Յըլդըրըմի և Մեթին Չոբանօղլուի ինտիմ տեսագրությունները: Ընդ որում, ԱՇԿ-ն Ռեջաիի թեկնածությունն առաջադրել էր Ադանայում, իսկ Մեթինի թեկնածությունը`Քըրշեհիրում:
Թաքնված տեսախցիկի օգնությամբ նկարահանված այդ կադրերում երևում էր, թե ինչպես են թուրք ազգայնականները թեթև վարքի տեր կանանց հետ զրուցում քաղաքականության, խորհրդարանական ընտրությունների և սեռական հարցերի շուրջ:
Չպետք է մոռանալ, որ հարցախույզների և կանխատեսումների համաձայն, հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ԱՇԿ-ն թուրքական խորհրդարանում գոյատևման պայքար է մղելու, իսկ նման սեռական սկանդալները լրջորեն վարկաբեկում են նրան և, հիրավի, կարող են ջախջախիչ հետևանքներ ունենալ ընտրությունների ժամանակ: