Ամեն տարի ապրիլի 13-ին հաջորդող չորեքշաբթի օրը աշխարհի բոլոր եզդիները տոնում են Ամանորը: Եզդիների համար այս տարի 6766 թվականն է: Տոնը սկիզբ է առնում գերեզմանոցում՝ մահացած հարազատների շիրմաքարերի մոտ տոնական սեղանների շուրջ։
Աշխարհի հայերի օրինակով, այսօր Հայաստանում բնակվող եզդիների գլխավոր երազանքը Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու հայ-ադրբեջանական սահմանի խաղաղությունն է:
«Մենք մեր տոնը այստեղից հետո միշտ շարունակել ենք մեր տներում, բայց այսօր ղարաբաղա-ադրբեջանական գոտու լարվածության պատճառով մեծ շուքով չենք նշելու մեր տոնը:
Իրաքում և Թուրքիայում ծնված բազմաթիվ եզդիներ այսօր Հայաստան են ժամանել իրենց ազգակիցների հետ նշելու այս կարևոր ազգային տոնը և այս օրհասական օրերին զորակցելու հայ եղբայրներին։
Ոչ միայն Հայաստանի եզդիներն են ձեր կողքին, այլև ամբողջ աշխարհի եզդիները: Մենք ունենք մեկ թշնամի,- ասում են նրանք:
«Հայաստանում բնակվող եզդիների համար տոնը այսօր կավարտվի գերեզմանոցում, մյուս տարիների նման այն շարունակություն չի ունենա, քանի որ եզդիները հայերի պես հավասարապես սգում են սահմանին զոհված՝ ազգությամբ հայ և եզդի զինվորների կորուստը»,- ասաց իրաքաբնակ եզդին։






































