Բանկային վերահսկողության բազելյան կոմիտեն մշակել է բանկային համակարգի արդյունավետ վերահսկողության հիմնարար սկզբունքներ, որոնցով սահմանվում են կարգավորման և վերահսկողության միջազգայնորեն ընդունված նվազագույն պահանջները: Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ստեղծված համատեղ թիմը (FSAP) գնահատում է տարբեր երկրների ֆինանսական համակարգի համապատասխանությունը վերոնշյալ սկզբունքներին: FSAP-ը ՀՀ ֆինանսական համակարգը գնահատել է 2001, 2005 և 2012 թվականներին: 2005 թ. գնահատման համեմատությամբ` 2012 թ. կատարված գնահատումը մատնանշել է ֆինանսական համակարգի կարգավորման և վերահսկողության ոլորտում առկա էական բարելավումներ և առաջընթաց, ինչպես նշված է Կենտրոնական բանկի հրապարակած 2012-ի ֆինանսական կայության հաշվետվությունում:
Մասնավորապես`համաձայն վերջին գնահատականի` ՀՀ ֆինանսական համակարգը մոտ 93%-ով բավարարում է վերոնշյալ սկզբունքները` «ամբողջությամբ» (compliant) կամ «հիմնականում» (largely compliant) մակարդակով: Մինչդեռ 2005 թ. գնահատումների համաձայն` Հայաստանն «ամբողջությամբ» կամ «հիմնականում» մակարդակով այդ սկզբունքները բավարարում էր 67%-ով:
FSAP թիմի հիմնական եզրակացություններն են`
-Կենտրոնական բանկն ունի անկախության, թափանցիկության և ռեսուրսներով ապահովվածության բավարար մակարդակ:
-Ներդրված են ամուր հիմքեր ունեցող կարգավորման դաշտ և վերահսկողական համակարգ:
-Առկա է բարձր կապիտալի համարժեքության և իրացվելիության մակարդակ ունեցող բանկային համակարգ:
-Առկա է բազմակողմանի վերահսկողություն:
-Ներդրված է ճգնաժամերի կառավարման հայեցակարգ, որը ՀՀ ԿԲ-ին հնարավորություն է տվել արդյունավետորեն արձագանքելու 2009 թվականի ճգնաժամին:
-Կենտրոնական բանկի կողմից համակարգային ռիսկերի մշտադիտարկման ոլորտում արձանագրվել է էական առաջընթաց:
-Վճարունակության սթրես և թեստերի արդյունքների համաձայն` Հայաստանի բանկային համակարգը բավականին կայուն է` ցնցումներին դիմակայելու համար:
FSAP հիմնական առաջարկությունները
-Ռիսկերի կառավարման գործընթացի բարելավում Pillar 2-ին ամբողջական համապատասխանեցում, խորացված ուղեցույցներ, գլխավոր ռիսկերի կառավարչի պահանջ, վարկային, շուկայակա և գործառնական ռիսկերի կարգավորման բարելավում:
-Համախմբված վերահսկողության ներդնում:
-Ակտուարական ինստիտուտի զարգացում – ակտուարական ստանդարտների, վարքագծի կանոնների ներդրում:
-Ապահովագրական խարդախությունների դեմ միջոցառումների բարելավում, կյանքի ապահովագրության ապահովադիրների շահերի պաշտպանությանն ուղղված օրենսդրական փոփոխությունների նախաձեռնում, սնանկության գործընթացի կատարելագործում – սնանկության դեպքում արտահերթ կարգով ապահովադիրների պահանջների բավարարում տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվներից:
-Կարգավորման դաշտի խստացում ` ԿԲ լիազորությունների ընդլայնում պատասխանատվության միջոցների կիրառման ոլորտում – անվճարունակության հիմքերի բացակայության պարագայում ադմինիստրացիայի նշանակման հնարավորություն: