Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) և Վագրերի պահպանության համաշխարհային հիմնադրամի մասնագետներն արձանագրում են վագրերի պոպուլյացիայի ռեկորդային աճ: Այս մասին հայտնում է WWF-ի կայքը:
Վերջին հարյուրամյակում առաջին անգամ վագրերի համաշխարհային պոպուլյացիան գերազանցել է 3890 առանձնյակը: Այդպիսի դրական արդյունքի բերել են բարելավված մոնիտորինգը և վայրի կենդանիների պաշտպանության ուղղությամբ միջոցառումների ուժեղացումը, նշել են հիմնադրամում:
WWF-ի գլխավոր տնօրեն Մարկո Լամբերտինիի խոսքով՝ նման արդյունքի հասնել հնարավոր չէր լինի առանց կառավարությունների, տեղի համայնքների և էկոլոգների համատեղ աշխատանքի:
Պոպուլյացիան ավելացել է հիմնականում Ռուսաստանի, Հնդկաստանի և Նեպալի վագրերի հաշվին: Միևնույն ժամանակ, Կամբոջայում դրանք բոլորովին չկան, իսկ մյուս երկրներում կարող են վերանալ, եթե կառավարությունները շտապ միջոցներ չձեռնարկեն:









































