ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Բրեննանը հայտարարել է, որ ինքն ու իր ենթակաները չեն համաձայնի հարցաքննություններ անցկացնել այնպիսի մեթոդներով, որոնք համարվում են կտտանքներ, այդ թվում՝ ջրի միջոցով։ Այս մասին նա հայտարարել է NBC News-ին տված հարցազրույցում։
«Ես չեմ համաձայնի կիրառել այդ մարտավարություններից ու մեթոդներից մի քանիսը, որոնց մասին լսել եմ»,- ասել է նա։ Բրեննանը հավելել է, որ իր գերատեսչության աշխատակիցները նույնպես մտադիր չեն երբևէ կիրառել ջրով կտտանքներ։
Նա նշել է, որ չի համաձայնի դրանց, նույնիսկ եթե հրամանը գա ԱՄՆ նոր նախագահից։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի թեկնածուներ Թեդ Քրուզն ու Դոնալդ Թրամփը հայտարարել էին, որ ահաբեկչության դեմ պայքարի համար տեղին է կտտանքների կիրառումը։
Ջրով կտտանքները թույլատրվել էին 2001 թվականի սեպտեմբեի 11-ի իրադարձություններից հետո, սակայն 2009 թվականի հունվարին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արգելել է նման գործողությունները:






































