Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի բացառում, որ Ղարաբաղյան հակամարտության սրացման վրա ազդել են արտաքին գործոնները։
Նրա կարծիքով՝ ընդհանուր իրավիճակի, մարդկանց տրամադրվածության, այս կամ այն որոշումների ընդունման վրա մշտապես ազդում է շրջակա միջավայրը. «Յուրաքանչյուր երկրում կան մարդիկ, որոնք տարբեր կերպ են նայում այդ հակամարտության կարգավորման հնարավորություններին»։
Մեդվեդևն ընդգծել է թուրքական գործոնի հավանականությունը. «Հավանաբար, այստեղ կա թուրքական գործոն, թեկուզ նրա համար, որ Թուրքիան հայտնել է իր դիրքորոշումը»։
Մեդվեդևն այդպես է մեկնաբանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից Ռուսաստանը որպես «Ղարաբաղյան հակամարտության կողմ» ճանաչելը։
Մեդվեդևի խոսքերով՝ ավելի կարևոր է մարդկանց կյանքը պահպանելը, քան հակամարտությունը պատերազմով լուծելը. «Ավելի լավ է Ղարաբաղյան հակամարտությունը թողնել սառեցված վիճակում, եթե դա հնարավորություն կտա թույլ չտալ արյունահեղություն»։






































