Կրեմլում համոզված են, որ ԶԼՄ-ների խմբագրական քաղաքականությունը չի կարող լրագրողների աշխատանքի ազատության սահմանափակման պատճառ դառնալ: Այս մասին հայտնում է TASS-ը:
Ադրբեջանից LifeNews հեռուստաալիքի նկարահանող խմբի արտաքսումը մեկնաբանելու խնդրանքին պատասխանելով՝ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ չի տիրապետում գործի մանրամասներին, բայց նշել է, որ «խմբագրական քաղաքականությունը, անշուշտ, չի կարող և չպետք է (իշխանությունների) որևէ գործողության պատճառ դառնա»: Միաժամանակ Պեսկովն ընդգծել է «(լրագրողների կողմից) օրենսդրության նորմերին հետևելու» անհրաժեշտությունը:
«Խմբագրական քաղաքականությունը չի կարող և չպետք է ԶԼՄ-ների գործողությունների սահմանափակման պատճառ դառնա»,- ասել է նա:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ ռուսական LifeNews հեռուստաալիքի լրագրողներին վտարել են Ադրբեջանից, քանի որ նրանք այդ երկրում գտնվել են առանց հավատարմագրման և Ադրբեջանի ԱԳՆ-ի պնդմամբ՝ «համաշխարհային հանրությանը ոչ ճիշտ տեղեկություն են հասցրել ԼՂ-ի շուրջ իրավիճակի մասին»:









































