Անվտանգության և միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի՝ Կովկասի հարցերով փորձագետ Ուվե Հալբախը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Deutsche Welle-ի հետ զրույցում։
«Նախկինում հրադադարը խախտվել է գրեթե ամեն տարի: 1994 թվականը երբեք չի բերել իրական հրադադարի: Դա վերջ է դրել պատերազմական վիճակին, սակայն չի հանգեցրել խաղաղության: Գրեթե ամեն տարի փոխհրաձգությունների հետևանքով զոհվել են 10-20 մարդ: Սակայն ներկայիս միջադեպը կարելի է համարել ամենալուրջը՝ 1994 թվականից հետո»,-ասել է նա:
Հարցին այն մասին, թե ի՞նչ աստիճանով են Ռուսաստանը և Թուրքիան ներգրավված այս հակամարտության մեջ, որոնցից երկուսն էլ տարածաշրջանային գերտերություններ են և իրենց համարում են պաշտպանող ուժեր, Ուվե Հաշբախը պատասխանել է. «Երկու երկրներն էլ մասնակից են Ղարաբաղյան հակամարտությանը: Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրբեջանին: Ռուսաստանը սերտ կապեր ունի Հայաստանի հետ անվտանգության քաղաքականության ոլորտում: Ռուսաստանը ռազմաբազա և մոտ 5000 զինծառայող ունի Հայաստանում: Մյուս կողմից՝ Ռուսաստանի դիրքորոշումը միանշանակ չէ, քանի որ նա Ադրբեջանի սպառազինության հիմնական մատակարարն է՝ վերջինս իր ծանր սպառազինության 80%-ը ստանում է Ռուսաստանից:
Այնպես որ՝ այստեղ Ռուսաստանը բավականին հակասական դեր է խաղում՝ այն դեպքում, երբ Թուրքիան բացահայտ պաշտպանում է Ադրբեջանին՝ կրելով Հայաստանի նկատմամբ պատմական չարությունը»:
«Տվյալ պահին ես չեմ տեսնում իրական լուծում: Կարևոր է թույլ չտալ, որ սա վերաճի Ղարաբաղյան երկրորդ պատերազմի: Ներկայումս միջազգային հանրությունը աշխատում է այդ ուղղությամբ: ԵԱՀԿ-ն, որն ուսումնասիրում է հակամարտությունը, երեքշաբթի կհավաքվի, և ներկայումս բոլոր արտաքին խաղացողները գտնվում են անհանգիստ վիճակում»,- մեկնաբանել է փորձագետը:








































