Shana լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական նախորդ տարում (ավարտվել է մարտի 20-ին) Հարավային Փարս գազային հանքավայրում գազի արդյունահանումը կազմել է 130 միլիարդ խորանարդ մետր։ Այդ մասին հայտարարել է «Փարս» նավթագազային ընկերության գլխավոր տնօրեն Ալի Աքբար Շաբանպուրը։
Նա հիշեցրել է, որ Իրանը տվյալ գազային հանքավայրը կիսում է Կատարի հետ, և որ նախորդ տարի նրանում գազի արդյունահանումն աճել է 15 տոկոսով։ Շաբանպուրը հավելել է, որ Իրանը ծրագրել է ընթացիկ տարում շահագործման հանձնել հանքավայրի 17-21 բլոկները։
Հարավային Փարսը աշխարհի խոշորագույն նավթագազային հանքավայրն է, որը գտնվում է Պարսից ծոցի կենտրոնական հատվածում։ Նրա հետախուզված պաշարները գնահատվում են 13 տրիլիոն խորանարդ մետր գազ, 18 միլիարդ բարել գազային կոնդենսատ ու 2․7 միլիարդ տոննա նավթ։ Նրան բաժին է ընկնում Իրանի գազային պաշարների 50 տոկոսը։











































