Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման գծով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը Ներքին գործերի նախարարության և Գլխավոր դատախազության հետ համատեղ շարունակում է նյութեր հավաքել Վրաստանում իրականացված էթնիկ զտումների մասին: Այս մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահ Շոթա Մալաշխիան:
Վերջինիս խոսքերով, ականատեսների պատմությունների վրա հիմնված այդ նյութերում ի ցույց են դրվում Ռուսաստանի իրականացրած էթնիկ զտումների վառ փաստերը.
«Դրանցում տեղ են գտել ռուս և աբխազ զինյալների կողմից վրացական բնակչության սպանության ու բռնաբարության բազմաթիվ դեպքեր: Այդ նյութերն ուղարկվելու են միջազգային դատարաններ, որպեսզի միջազգային հանրությունն առավել լավ իմանա, թե ով է Վրաստանի տարածքն օկուպացնող ագրեսորը»:
Հիշեցնենք, որ հանձնաժողովն աշխատանքներ է տանում նաև Ռուսաստանի օկուպացման մասին փաստագրական ֆիլմերի ստեղծման վրա և պլանավորել է թողարկել 15 ֆիլմ: