Արաբագետ Սարգիս Գրիգորյանը, պատասխանելով այս հարցին, ասում է, որ Սիրիայի նախագահի ճակատագիրը վաղուց էր վճռված:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկումից ուղիղ 5 տարի անց բավական անսպասելիորեն հրամայել է 2016 թ. մարտի 15-ից սկսել ռուսական զորքերի հիմնական մասի դուրսբերումը Սիրիայի Արաբական Հանրապետությունից: Կրեմլի ղեկավարը արտգործնախարար Լավրովի և պաշտպանության նախարար Շոյգուի հետ հանդիպմանը ասել է. «Համարում եմ, որ պաշտպանության նախարարության առջև դրված խնդիրը ընդհանուր առմամբ կատարված է։ Այդ պատճառով հրամայում եմ վաղվանից դուրս բերել մեր զինված ուժերի հիմնական մասը Սիրիայի Արաբական Հանրապետությունից»:
Դիվանագիտական ժեստ
Վլադիմիր Պուտինի անսպասելի հայտարարությունը համընկավ Ժնևում Սիրիայի հիմնախնդրի կարգավորման հարցով բանակցությունների նոր փուլի մեկնարկի հետ: BBC-ի դիվանագիտական մեկնաբան Ջոնաթան Մարկուսն ասում է, որ սա ցույց է տալիս, թե «որքան է Ռուսաստանի նախագահը հմտացել էֆեկտիվ դիվանագիտական ժեստեր անելու արվեստում»:
Արաբագետ Սարգիս Գրիգորյանը ևս որոշ չափով կապում է այս զարգացումը Ժնևում ընթացող խաղաղ բանակցային գործընթացի հետ:
Ըստ նրա՝ ռուսական օդուժի հարվածները Սիրիայում այլևս մեծ հաշվով չեն նպաստում հրադադարին, որովհետև երկրի որոշ հատվածներում արդեն զինադադար է կնքված, հետևաբար ռազմաօդային ուժերի ինչ-որ կոնտինգենտ պահելը անիմաստ է:
«Կառավարական ուժերին վտանգ սպառնացող հատվածները արդեն իսկ չեզոքացվել են ռուսական ավիահարվածների միջոցով, և այդ վտանգն այլևս չկա: Սիրիայի կառավարական ուժերը որոշակի ֆինանսական և ռազմական աջակցություն են ստացել, և հիմա նրանց հնարավորություն է տրվել, որ կարողանան հասնել որոշակի հաջողությունների»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Սարգիս Գրիգորյանը:
Ընդ որում՝ հետաքրքիր է, որ այնուամենայնիվ ռուսական ծովային ռազմաբազան Տարտուսում և ավիաբազան Հմեյմիմ օդանավակայանում կպահպանվեն: Եվ քանի որ Ռուսաստանը հայտարարել է զինադադարը Սիրիայում վերահսկելու իր մտադրության մասին, պետք է ենթադրել, որ որոշակի կոնտինգենտ կպահպանվի այս ռազմաբազաներում:
Նաև հայտնի է, որ Պուտինը նախքան իր հայտարարությունը քննարկել է զորքերի դուրսբերումը Սիրիայից ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Եվ ակնհայտ է, որ նա այս քայլը համաձայնեցրել է ամերիկյան կողմի հետ:
Սարգիս Գրիգորյանն ասում է. «Այուամենայնիվ, ռուսական ավիահարվածները Սիրիայում սկսվեցին Վաշինգտոնում կայացած Պուտին-Օբամա հանդիպումից անմիջապես հետո: Կարծում եմ՝ սա էլ ՝ զորքերի հիմնական մասի դուրսբերումը, Միացյալ Նահանգների հետ որոշակի համաձայնության արդյունք է»:
Պուտինը հանձնո՞ւմ է Ասադին
Վլադիմիր Պուտինի անսպասելի հրամանը ստիպել է շատերին հետևություններ անել, որ Ռուսաստանը, պատկերավոր ասած, հանձնում է իր դաշնակից Բաշար ալ-Ասադին:
Ի պատասխան մեր հարցին, թե Պուտինը կարո՞ղ է ինչ-որ պահի «հանձնել Ասադին», արաբագետն ասաց. «Իմ կարծիքով՝ Ասադի ճակատագիրը վաղուց է որոշված: Ըստ իս՝ նրանք արդեն իսկ որոշակի համաձայնության են եկել կոնկրետ Բաշար ալ-Ասադի ճակատագրի վերաբերյալ: Հիմա Ժնևում խոսում են անցումային կառավարության մասին, և այնտեղ չի շեշտվում Բաշար ալ-Ասադ անունը: Սրանից արդեն պարզ է, որ Ասադը չի լինելու անցումային կառավարության մեջ»:
Գլխավոր հարցը հիմա թերևս այն է, թե պետական ի՞նչ կառուցվածքով կպահպանվի Սիրիան, կմասնատվի՞, թե՞ կպահպանի իր ամբողջականությունը: Համենայն դեպս, սիրիական հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված կողմերը կարծես թե շահագրգռված են, որ Սիրիան պահպանվի որպես ամբողջական պետություն:










































