Մուսուլման կանանց հագուստը՝ աբայը, արևմտյան աշխարհին թվում է անազատության խորհրդանիշ և անցյալի մնացուկ: Սակայն էմիրաթցի հայտնի դիզայներ Մոնա Աբդել Քերիմ ալ Մութավայի կարծիքով՝ մուսուլման կանանց հագուստի տեխնոլոգիան ապրել է իսկական հեղափոխություն՝ հայտնում է RIA Novosti-ն: Եթե նախկինում դրանք միայն սև գույնի էին և ծառայում էին պարզապես կանանց մարմինը քողարկելու համար, այժմ արտահայտում են կանացի անհատականությունը:
Ներկայումս աբայի գույնը և մոդելը ընտրվում է՝ ելնելով համաշխարհային նորաձևության միտումներից: Դիզայները նշել է, որ վերջերս հայտնվել է նաև գոտիով և գրպաններով աբայ:
Նրա խոսքով՝ Էմիրաթներում մուսուլման կանանց ոչ ոք չի պարտադրում աբայ կրել: «Ցանկության դեպքում կարելի է հագնել համեստ եվրոպական հագուստ, սակայն աբայ կրելը մեր սովորույթն է, ի դեպ՝ շատ գեղեցիկ և կանացի սովորույթ, քանի որ աբայ հագած յուրաքանչյուր կին իրոք իրեն արքայադուստր է զգում»,- ասել է նա:








































