Կիրակի օրը՝ մարտի 6-ին, Թուրքիայի ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել հարյուրավոր մարդկանց բազմությունը ցրելու համար, ովքեր փորձել են Ստամբուլի կենտրոնում նշել Կանանց միջազգային օրը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ակցիայի մասնակիցները հրաժարվել են ենթարկվել ցույց անցկացնելու իշխանությունների արգելքին՝ անվտանգության նկատառումներով: Նրանք ձգտել են ուշադրություն սևեռել Թուրքիայում կանանց խնդիրներին:
Հարյուրավոր կանայք համալրել էին Ստամբուլի ասիական հատվածում գտնվող Քադըքեյ շրջանի հրապարակը: Նրանք վանկարկել են կարգախոսներ և պահել մանուշակագույն բաներներ, որոնք պատկանում են կանանց սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության տեղի շարժմանը:
Քաղաքացիական հագուստով ոստիկանները ցուցարարների նկատմամբ ուժ են կիրառել: Իսկ ռետինե փամփուշտներով կրակելուց հետո շատ կանայք լքել են հրապարակը: Առնվազն մեկ կին ակտիվիստ ոչ երկար ժամանակով ձերբակալվել է:







































