ԱՄՆ-ում, այսպես կոչված, «ոչ պահպանողական» տասնյակ հանրապետականներ հրապարակել են բաց նամակ, որում պատրաստակամություն են հայտնել հակազդել իրենց կուսակցությունից փրայմերիզների ֆավորիտ միլիարդատեր Դոնալդ Թրամփին: Ուղերձը հրապարակվել է War on the Rocks ռեսուրսում:
Նամակը ստորագրել են արտաքին քաղաքականության հարցերով 95 հանրապետական փորձագետներ, այդ թվում՝ Ջորջ Բուշ կրտսերի օրոք ազգային անվտանգության նախկին ավագ օգնական Փիթեր Ֆիվերը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի տեղակալ Ռոբերթ Զելիկը, Պենտագոնի նախկին պաշտոնյա Դով Զաքհեյմը և այլք:
Նրանց դժգոհության պատճառը իրենց կուսակցի նախընտրական արշավում մի քանի դիրքորոշումներն են: Նախ՝ միլիարդատիրոջը մեղադրում են այն բանում, որ «աշխարհում ամերիկյան ազդեցության և հզորության նրա տեսլականը շատ անհետևողական է և սկզբունքորեն զուրկ առանցքից»:
Բացի այդ Թրամփի՝ առևտրային պատերազմներ վարելու կոչերը «գլոբալ փոխկապակցված աշխարհում տնտեսական աղետների բաղադրատոմս են»:
Հանրապետականները դժգոհ են նաև Թրամփի առաջարկած մի շարք այլ դրույթներից: Իսկ Էլիոթ Քոենը նշել է, որ դեմոկրատների ֆավորիտ Հիլարի Քլինթոնը «զգալիորեն չարյաց փոքրագույնն է»՝ հավելելով, որ հնարավոր է՝ առհասարակ «Հիլարիին այլընտրանք չկա»:






































