Մարտի 1-ից 8 տարի անց ի՞նչ է անհրաժեշտ՝ հայ ժողովրդի պատմության այդ ողբերգական էջը բացահայտելու համար: «Առաջին լրատվական»-ը այս հարցով դիմեց Մարտի 1-ի զոհերի հարազատներին:
«Մարտի 1-ի էջը բացահայտված է, ի՞նչը պետք է բացահայտվի: Նախկին և ներկա իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն 10 զոհերի սպանության համար»,- ասաց Մարտի 1-ի զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը:
Նրա խոսքով՝ գործը լիովին կբացահայտվի այն ժամանակ միայն, երբ տեղի ունենա իշխանափոխություն՝ օրինական, առանց արյան. «Դա է մեր հույսն ու հավատը»:
2008-ի Մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, նույնպես համոզված է, որ այս իշխանության օրոք չի բացահայտվի Մարտի 1-ը, «որովհետև այս իշխանությունն է գնդակահարել մեր երեխաներին: Մեր հույսը միայն իշխանափոխությունն է, ուրիշ ոչինչ»:
Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե երբ տեղի կունենա իշխանափոխություն, Սարգիս Քլոյանն ասաց. «Երբ ամբողջ ժողովուրդը սովի մատնվի: Երբ ուտելիք չունենան, ամբողջ 2 միլիոնանոց հայ ժողովուրդը ոտքի կկանգնի, և կլինի իշխանափոխություն»:
Նրա համոզմամբ՝ դա կլինի շուտով, իսկ իշխանափոխություն իրականացնելու ունակ բազմաթիվ ուժեր կան:
Սարգիս Քլոյանը մեծ հույսեր չի կապում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ, քանի որ նրա խոսքով՝ նրանք չեն կարող ճնշում գործադրել՝ մարդասպաններին բացահայտելո համար. «Միգուցե մի փոքր փոխհատուցում մեզ տա Եվրադատարանը, ուրիշ ոչինչ»:











































