Արգանդի առաջին փոխպատվաստումը կատարվել է ԱՄՆ-ում Քլեվելենդ կլինիկայի վիրաբույժների կողմից, հայտնել է հիվանդանոցի ղեկավարությունը: Այս մասին հաղորդում է time.com կայքը:
Փոխպատվաստված 26-ամյա կինը 9 ժամ տևած վիրահատությունից հետո գտնվում է կայուն վիճակում: Հիվանդանոցը կնոջ մասին հավելյալ մանրամասներ չի հաղորդում:
Վիրահատության նպատակը առանց արգանդի ծնված կամ արգանդը հեռացրած կնոջը հղիանալու կամ երեխա լույս աշխարհ բերելու հնարավորություն տալն է: Այսպիսի վիրահատություն ԱՄՆ-ում առաջին անգամ է կատարվում: Շվեդիայում 9 կին ենթարկվել է նման վիրահատության, և նրանցից առնվազն 4-ը ծննդաբերել են:
Քլեվելեդի կլինիկայի հայտարարության մեջ նշվել է, որ արգանդը պատկանել է հանգուցյալ կնոջ: Փոխպատվաստում ստացած կինը հավանաբար պետք է երկար ժամանակ դեղամիջոցներ օգտագործի, որպեսզի օրգանիզմը ընդունի փոխպատվաստումը, և երաշխավորվի վիրահատության վերջնական հաջողությունը:








































