Անցյաշ երկուշաբթի Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջնական որոշում կայացրեց Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ: Այս իրադարձությունը կարծես թե որևէ մեկին չհետաքրքրեց և այն հայկական լրահոսում անցավ այնպես, ինչպես կանցներ, ասենք, Ինդոնեզիայի ԿԸՀ-ի որևէ որոշում այս երկրում տեղի ունեցող ընտրությունների մասին: Եվ սա այն աղմուկի և երդում-պատառների ֆոնին, որ այսպես ասած՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը տալիս էին ժողովրդին՝ ընտրությունների հետ կապված: Նրանք խոստանում էին փոխել Երևանը, սկսել Երևանից և երևի թե մի փոքր անհամեստ լինելու դեպքում կարող էին խոստանալ հասնել անգամ մինչև Բեռլին, ինչպես մեր պապերը, եթե ընտրությունները մայիսի 5-ի փոխարեն 9-ին լինեին: Իսկ այսօր այդ ուժերի պահվածքն այնպիսին է, կարծես Երևանի ընտրություններում ոչ թե նրանք էին հասարակությանը այդպիսի հավաստիացում և երդումներ տալիս, այլ ինչ-որ այլմոլորակայիններ, որոնք եկան, հայկական քաղաքական ուժերի դեմքով ու նմանությամբ մասնակցեցին ընտրություններին, հասարակությանը ինչ-որ խոստումներ տվեցին ու հետո մայիսի 6-ին թռան հետ դեպի իրենց մոլորակները կամ գալակտիկաները:
«Բարգավաճ Հայաստանն» ընտրությունների արդյունքները վիճարկելու, պայքարելու, Երևանից սկսելու փոխարեն Աբովյանում եկեղեցի և կազինո է բացում, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» ինչ-որ իրավական պահանջներ են ներկայացնում, որոնց իրենք էլ երևի թե չեն հավատում: Դաշնակցությունը հայտարարեց, որ եղավ այն, ինչ եղավ, ու լռեց այնպես, ինչպես լռում էր՝ հաստատ ինչ-որ բանի դիմաց, որովհետև հանուն արդարության պետք է ասել, որ Դաշնակցությունը հենց այնպես չի լռի: Արդյունքում, ՀՀԿ-ն մարսեց հերթական ընտրությունները՝ ֆինանսական և թաղային խուժանի ու խաժամուժի ռեսուրսային համադրությամբ: Իհարկե, մարսելն ինչ-որ առումով հարաբերական է, որովհետև երկրում եթե քաղաքական ուժերը ՀՀԿ-ի համար խնդիր չեն, դա չի նշանակում, որ խնդիրներ այլևս չկան:
Երկրում ՀՀԿ-ի հիմնական խնդիրը սոցիալ-իրավական և բարոյահոգեբանական այն վիճակն է, որը ստիպում է մարդկանց հոծ խմբերով արտագաղթել: Սակայն, Հայաստանում կարծեք թե նոր իրողություններ ու երևույթներ են ի հայտ գալիս, և շատերը ոչ թե արտագաղթի ճանապարհն են բռնում, այլ փորձում են արձագանքել այլ տարբերակներով: Օրինակ, Լոռու մարզի Մարց գյուղում գյուղացիները պայքարում են ՀԷԿ-ի կառուցման դեմ, Ուջանում էլ են ՀԷԿ-ի կառուցման դեմ պայքարում և Երևան-Գյումրի միջպետական ճանապարհն են փակում գյուղացիները: Արմավիրում էլ ճանապարհը փակում են և պետությունից պահանջում են կարկուտի հարվածի փոխհատուցում: Եվ կասկած չկա, որ այս դրսևորումներն աստիճանաբար շատանալու են՝ առաջին հերթին մարտահրավեր նետելով արտագաղթին: Իսկ դա նշանակում է, որ իշխանությունները, լուծելով քաղաքական ուժերի ամորֆացման խնդիրը, իրենց բոլորովին չեն ազատել խնդիրներից: Այլ հակառակը, նպաստել են, որ մարդիկ հույսն ավելի ու ավելի իրենց վրա դնեն և անմիջապես ձեռնամուխ լինեն սեփական շահերի պաշտպանությանը:
Հայաստանի հասարակությունը կամաց, դանդաղ, բայց ձեռնոց է նետում արտագաղթին: Արտագաղթի տեմպերի համեմատ՝ այդ ձեռնոցը միգուցե նկատելի չէ, փոքր է շատ, շատերը չեն տեսնում այն, բայց ձեռնոցը կա, և կա հակառակ գործընթացը, իսկ դա արդեն ինքնին նշանակալից իրողություն է, և ինչպես ցույց են տալիս դրսևորումները՝ գոնե մինչև հիմա այդ իրողությունն ընթանում է աճման պրոգրեսիայով: Պետք է հոգ տանել դրա մասին՝ ուժերի և հնարավորությունների ներածի չափով:







































