Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Իշխանությունը տարել է մարտավարական խոշոր հաղթանակ` դնելով ռազմավարական խոշոր պարտության հիմքերը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը (Նյու Յորք):

Պարոն Մարտիրոսյան, ի՞նչ կարծիքի եք Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ, նաև՝ հետընտրական զարգացումների: Մասնակցած քաղաքական ուժերը ՝ հիմնականւմ ՀԱԿ-ը, «Բարև Երևանը», ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն բողոքում են արդյունքներից, սակայն հանրահավաքներ ոչ ոք չանցկացրեց՝ փոխարենը մանդատ ստացած ուժերը վերցրին դրանք. սա ինչի՞ վկայություն է:

– Վերջին ընտրությունները սովորական ընտրություններ էին: Սովորական այն առումով, որ դրանք որևէ բանով չէին տարբերվում նախորդներից: Ինչպես նախորդներն են ընթացել, այնպես էլ սրանք ընթացան: Տարբերությունն այն էր միայն, որ սրանք վճռական էին Հայաստանում ընտրությունների հանդեպ քաղաքացիների հավատը վերջնականապես կոտրելու առումով:

– Մի կողմից՝ Վարդան Օսկանյանը հայտարարում է որ ԲՀԿ-ն պետք է ընդդիմադիր հռչակվի, մյուս կողմից էլ՝ Գ.  Ծառուկյանը ասում է՝ «Բարգավաճ Հայաստանը» երբեք ընդդիմադիր դառնալ չի կարող, ինչն էլ կարծես լիովին տեղավորվում է մեր նախորդ հարցազրույցում Ձեր հնչեցրած տեսակետի տրամաբանության մեջ: Ի՞նչ է սա նշանակում՝ տապալվեցի՞ն արդյոք ՀԱԿ-ի ծրագրերը՝ կապված ԲՀԿ-ի հետ:

– Ես ծանոթ չեմ ՀԱԿ-ի ծրագրերին, բայց ինչպիսին էլ դրանք լինեին կամ լինեն, դատապարտված են տապալման: Մեզ մնում է միայն հիանալ այդ կուսակցության ծայրահեղ հետևողականությամբ: Հասկանալով, որ նորածին կուսակցությունը մեռելածին է` դրա հայրերը հետևողականորեն չեն ցանկանում թոշակի գնալ:

Ինչ վերաբերում է Ծառուկյանի և Օսկանյանի հայտարարությունների տարբերությանը, դա ինձ համար բավական տարօրինակ է: Ծառուկյանը բնական հոտառությամբ և բնազդով հասկանում է, որ ընդդիմադրի կարգավիճակում ինքը չի կարող տեղավորվել ապահով Հայաստանի տարածքում և անկեղծորեն հայտարարում է, որ իր ղեկավարած խումբը չի կարող ընդդիմադիր լինել: Մյուս կողմից` Օսկանյանը դեռևս շարունակում է ակնարկել ԲՀԿ-ի ընդդիմադիր բնույթի մասին: Միակ բացատրություն կարող է լինել միայն այն հանգամանքը, որ Օսկանյանն իրոք ընդդիմադիր է, քանի որ իշխանության համար նա այլևս դավաճան է: Սակայն նախկին արտգործնախարարը, որը պետք է որ տասը երկար և ցավագին պաշտոնավարման տարիների ընթացքում պետական գործչին հատուկ որոշակի տրամաբանություն ձեռք բերեր, սեփական անձը կարծես շփոթում է սեփական կուսակցության հետ: Եվ դա մի կուսակցության, որ նրա պարագայում այնքան էլ «սեփական» չէ:

Ի վերջո՝ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ կուսակցությունը. ավագանու ընտրություններից առաջ բավական սուր քննադատություններ հնչեցրին իշխող կուսակցության հասցեին, սակայն բազմաթիվ տեղեկություններ հրապարակվեցին, որ հենց ԲՀԿ-ն է կաշառք բաժանում և մարդկանց տեղամասեր ուղղորդում:

– ԲՀԿ-ն խոշոր կապիտալի և դրա ծնած իշխանական ազդեցության շուրջ համախմբված մարդկանց մի խումբ է, որի միակ առանցքը խիստ մեծահարուստ մի խոշոր գործարար է: Այդպիսի կառույցներն ընդհանրապես քաղաքական դաշտում քիչ անելիք ունեն, և երբ հայտնվում են քաղաքական մարտահրավերի առջև, դիմում են իրենց միակ զինանոցին` կապիտալին: Իսկ մարդիկ, ինչպես հայտնի է, հեշտ են կաշառվում:

Րաֆֆի Հովհաննիսյանը բոլոր ընդդիմախոսներին կոչ է անում միավորվել. ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ կտա այս միավորումը, և առհասարակ՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ժիրայր Սեֆիլյանը և մյուսները միավորվեն նրա հետ:

– Կարծում եմ, որ այդ միավորումը ոչինչ էլ չի տա, քանի որ այդ միավորումն ինքնին անհնար է: Այն չի կարող տեղի ունենալ: Բոլոր Ձեր թվարկած անձինք միմյանց հանդեպ ռուբիկոնն անցել են` բացի Լևոն Տեր-Պետրոսյանից և Գագիկ Ծառուկյանից, իսկ ինչպես հայտնի է, վերջիններիս սեպարատ միությունն անգամ որևէ կերպ չկայացավ: Հայաստանի քաղաքական դաշտում երկար ժամանակ նոր խաղացողներ և նոր համախմբող ուժեր չեն լինի: Ընդդիմադիր զանգվածն, ամենայն հավանականությամբ, պայքարի նախաձեռնությունն իր ձեռքը կվերցնի: Ընդդիմությունը կակտիվանա: Դա քաղաքական պայքարի գերիլլային տեսակ է, որը հաճախ իշխանության համար առավել վտանգավոր է, քան առաջնորդող կազմակերպված ընդդիմությունը:

Սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատների բողոքը դրա առաջին բողբոջն է: Այդպիսի ծայրահեղ քայլերն են բողոքի անդիմադրելի ալիք հավաքում, իսկ այդ ալիքները ցունամիի են նման: Համբերատար և խելացիորեն հաշվարկված քայլերով հետևողականորեն ոչնչացնելով և վարկաբեկելով ընդդիմությանը` իշխանությունը տարել է մարտավարական խոշոր հաղթանակ` դնելով ռազմավարական խոշոր պարտության հիմքերը:

Ի վերջո մինչև 2017 թվականը Հայաստանում ընտրություններ չեն անցկացվելու: Շատ է խոսվում նաև, որ Սերժ Սարգսյանը չունի իրավահաջորդ 2018 թվականի համար, այսինքն՝ հասարակության միակ հույսը մյուս ընտրություննե՞րը պետք է լինեն:

– Դեռևս մեկ տարի կա` հասկանալու համար, թե պատրաստո՞ւմ է արդյոք Սերժ Սարգսյանն իրեն ժառանգորդ, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա դա Հայաստանի պարագայում միայն երկու բան կարող է նշանակել: Առաջին` որ երրորդ նախագահը իշխանությունը փորձելու է վերադարձնել երկրորդ նախագահին, կամ` երրորդ նախագահը որոշել է դառնալ Հայաստանի վերջին նախագահը և երկրի առաջին ղեկավար-վարչապետը: Առավել հնարավոր է թվում երկրորդ տարբերակը, թեև բացառված չէ և առաջինը: Եվ այդ պարագայում ընդդիմադիրների երազանքը կարող է լինել առաջին տարբերակը: Քոչարյանի նոր հավակնությունները՝ նոր նախագահ դառնալու, անխուսափելիորեն հանգեցնելու են անվերահսկելի ըմբոստության, որին առաջնորդներ այլևս պետք չեն լինի: Եթե երրորդ նախագահն իր երկրորդ ժամկետն ավարտի՝ փոխելով երկրի կառավարման համակարգը և այն դարձնելով խորհրդարանական, ապա իշխանություն մնալու նրա շանսերը փոքր գնահատել թերևս չի կարելի:

Ինչպե՞ս կվերլուծեք զոհված զինվոր Լյուքս Ստեփանյանի հուղարկավորության հետ կապված իրադարձությունները: Պաշտպանության նախարարի խոսնակը հայտարարեց, որ դին Հանրապետության հրապարակ տանելը գրեթե սրբապղծություն է, իսկ ոմանք հանդես եկան այն թեզով, որ հանցավոր է նման արարքը և չի կարելի: Ոմանք էլ, թե՝ ընդհանրապես դա ուղղորդված էր, որ կոնկրետ Հանրապետության հրապարակ տանելու գաղափարը հարազատներին հուշել էին, և որ դա քաղաքական պատվեր էր, ոչ կոռեկտ և անթույլատրելի:

– Լյուքս Ստեփանյանի մահը և դրան հաջորդած իրադարձությունները իրականում քաղաքական նոր իրավիճակի վկայությունն են: Երբ կազմակերպված ընդդիմությունն անկազմակերպ է դառնում` վակուումը լցնում են ժողովրդական զանգվածները: Եվ դա հրաշալի հասկացավ իշխանությունը: Նախ` դին Հանրապետության հրապարակ տանելու գաղափարը հրաշալի գաղափար էր: Երբ բազում և բազում զինվորական սպանությունների օրինակով ծնողները գիտեն, որ արդարադատություն չի իրականացվելու, երբ այնքան գործեր մնացել են կամ պաշտոնապես չբացահայտված, կամ էլ կոծկված, այլ ելք չի մնում, քան գնալ բողոքի ծայրահեղ միջոցի: Եվ դա հուժկու ու խիստ ազդեցիկ բողոքի արտահայտություն է, որ տարերային  հեղափոխությամբ է հղի: Սակայն ո՞վ է որոշողը՝ դա թույլատրելի՞ է, թե՞ ոչ: Որևէ մեկն իրավունք չունի սգակիր ծնողին ցույց տալու բողոքի ճանապարհներ, իսկ ռազմական խոսնակը, կարծում եմ, հոգևոր կրթություն չունի, հետևաբար սրբապղծության մասով կարծիքը սոսկ սիրողական մակարդակի է: Որևէ ոչ քրիստոնեական արարք ծնողների որոշման մեջ չկար: Ինչ վերաբերում է ուղղորդված լինելուն` ուղղորդված էր դա, թե ոչ, հուշել էին, թե ոչ` այս պարագայում ամենևին էլ կարևոր չէ, և կարևոր չէ, թե այս իրավիճակում կողքից ով ինչ ջրում ինչ ձուկ էր փորձում որսալ: Եթե կա ծայրահեղ անվստահություն ռազմական արդարադատության նկատմամբ, ապա թող բոլորը ձուկ որսան պղտոր ջրերում: Կարևորն այն է, որ այդ ձկնորսության արդյունքում խնդիրը լուծվի: Մնացած բոլոր վերլուծությունները կա՛մ անտեղի են, կա՛մ անբարո, կա՛մ էլ թերմիտ:

Իսկ ի՞նչ տվեց, Ձեր կարծիքով, երկու ուժային ղեկավարների մեկնումը Սևանի մայրուղի:

– Երկու ուժային ղեկավարների անմիջական մեկնումը Սևանի մայրուղի խոսում է այն մասին, որ իշխանությունն ընկալեց այս մեկ հուժկու ազդակը ևս, և դա հույս է ներշնչում, որ հետագայում թերևս կարելի կլինի նման այլ դեպքերում արդարադատություն և արդարություն ակնկալել: Եվ Սեյրան Օհանյանին պատկերող տեսանյութն էլ վկայությունն է այն բանի, որ պաշտպանության նախարարը բարոյականություն և մարդկային գծեր ունեցող մեկն է, որ, թերևս, հավատ է ներշնչում: Օհանյանի ո՛չ խոսքում և ո՛չ էլ պահվածքում ես կեղծիք կամ խաղարկում չտեսա: Դա լուրջ և կարևոր նշան է, որ չի կարելի կուրորեն ուրանալ: Մյուս կողմից` մեզ հայտնի են Մատաղիսի, Արտակ Նազարյանի գործերը, երբ մի դեպքում հետապնդվում են անմեղ մարդիկ, իսկ երկրորդում մեղավորները շարունակում են անպատիժ մնալ: Լյուքս Ստեփանյանի հանգամանքը ջրբաժան է բանակային սպանությունների հարցում, և այս դեպքերը ցույց տվեցին, որ ժողովուրդը ռուբիկոնն արդեն անցել է:

Դուք գրառում եք կատարել, որտեղ դատապարտել եք «բանակի կուլտը»:

-Այո՛, ես դատապարտում եմ բանակի պաթետիկ փառաբանումը՝ միաժամանակ հասկանալով բանակի անչափելի կարևորությունը: Մեր բանակը մի տեսակ կեղծ պաշտամունքի է վերածվել: Լեյլա Սարիբեկյանը և նրա համքարության մի քանի այլ ներկայացուցիչներ հրաշալի օրինակն են այն փաստի, թե կեղծիքն ինչպիսի աստիճանի է բարձրացրել բանակի փառաբանումը: Բանակը պետք է հարգանք և սեր նվաճի և ոչ թե պարտադրի: Մեր բանակը, որպես ինստիտուտ, արժանի է այդ սիրուն և հարգանքին, սակայն որպես գործող մեխանիզմ` հաճախ արժանի է նաև խստագույն քննադատության: Ամերիկյան բանակը ամերիկացիները հարգում են, որովհետև բանակից խեղված կամ զոհված վերադառնում են միայն թշնամու գնդակից, որտեղ հրամանատարն իր զինվորի համար սեփական կյանքով և ազատությամբ է պատասխան տալիս: Իսրայելում բանակի առջև խոնարհվում են, որովհետև բանակը ինքն է նվաճում իր ժողովրդի սերն ու հարգանքը, և որովհետև բանակի ներսում բացառված են սպանություններն ու հրամանատարների կողմից նվաստացումները: Մեզանում նրանք, ովքեր քննադատում են բանակը, հռչակվում են գրեթե հայրենիքի թշնամի, թրքասեր և այլն:

Իմ կարծիքով` վտանգավոր են նրանք, ովքեր միայն շողոքորթ փառաբանմամբ են զբաղված: Դա անպատժելիություն է ծնում և թուլացնում հենց է իրեն` բանակին, իսկ բարոյական և «միջանձնային» ցածր որակի հարաբերություններով զինուժով պատերազմ հաղթելն անհնար է: Վերջին հարյուրամյակների` Սարդարապատին զուգահեռ մեր երկրորդ և ամենավճռական ճակատամարտ-պատերազմը դեռ առջևում է, և եթե դրան բախվենք սպանություններից, քրեական բարքերից և դեդովշչինայից չմաքրված բանակով, հաղթանակի մասին վերամբարձ հայտարարություններ անելու հիմքեր անգամ այլևս չենք ունենա: Պատասխանատուն սպաներն են, որոնց շարքերում քիչ չեն կասկածելի մակարդակի և բարքերի պաշտոնյաները: Պատասխանատուն հենց նրանք են:

Եվ վերջում` չափազանց կարևոր է, թե զոհված զինվորի մահվան բոթն ինչպես են հայտնում ընտանիքին, և հուղարկավորությունն ինչպես է կազմակերպվում: Դա ծանրագույն գործողություն է, որ Արևմուտքում խստորեն կանոնակարգված է: Այն, ինչ պաշտպանության նախարարին պատմեց Լյուքս Ստեփանյանի հայրը, և այն, ինչին մենք ականատես եղանք՝ դիտելով հուղարկավորության կադրերը, սարսափելի է: Ծնողին զինկոմիսարիատ կանչելն ու կենցաղային մակարդակով գուժելը հավասար է հանցագործության: Եվ եթե այդ կուլտուրան դեռ չկա Հայաստանում, ապա պրիմիտիվ բարքերը վերացնելուն կարող է օգնել Հոլիվուդը: Ֆիլմը կոչվում է The Messenger:

Իսկ եթե զոհված զինվորին հուղարկավորում ենք թերի մի երգչախմբով, հախուռն գյուղացիական և մոլորված մի խումբ զինվորների թափորով և երեք հրացանակիրներով, որ հանկարծ պատվո երեք համազարկ են տալիս հարևան բլրից, ապա դա տնայնավարության մեկ այլ ճչացող և չափազանց տխուր օրինակ է: Զինվորի հուղարկավորությունը լուրջ արարողակարգ է, որ հոգեբանական և բարոյական առարկայական կարևորություն ունի ծառայող զինվորականների համար: Դա իրեն ծառայող զինվորի` իր կրկնակի պատասխանատվության տակ գտնվող զինվորի հանդեպ երկրի վերաբերմունքի լավագույն ցուցիչներից է: Այս առումով հոլիվուդյան տեսարանները ևս քիչ չեն, բայց բավական է համապատասխան պաշտոնյաներին գոնե մեկ անգամ Արլինգթոն ուղեկցել, որպեսզի այս առումով ականատես լինենք քաղաքակրթության այս ասպեկտին ևս:

Ամեն դեպքում` Լյուքս Ստեփանյանը հայկական բանակում իրավիճակ փոխեց: Վճարված գինն անգնահատելի է, սակայն 20-ամյա պատանու անիմաստ հեղված արյունն անարդյունք չպետք է կորչի:

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում