Վլադիմիր Պուտինը կարգադրել է անցկացնել զորավարժություն՝ մարտավարական միւուկային զենքի կիրառման «իմիտացիայով»: Արեւմտյան գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները, որոնց հրապարակումների գլխավոր թեզերը թարգմանաբար ներկայացրել է inosmi.ru կայքը համերաշխորեն համարում են, որ Մոսկվան «ազդակ է հղել» Արեւմուտքին: Ընդսմին, հիմնական պատճառ համարվում է Ուկրաինա զորք ուղարկելու մասին Ֆրանսիայի նախագահի երկրորդ հայտարարությունը, ինչպես եւ Մեծ Բրիտանիայի վարչապետի կողմից Ուկրաինայի առջեւ անգլիական հրթիեռներով Ռուսաստանի տարածքում թիրախներ խոցելու համար «կանաչ լույս վառելը»:
Անվիճելի է, որ Ֆրանսիայի նախագահի եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հայտարարությունները Վլադիմիր Պուտինին կարող են մղել նման «արկածախնդիր քայլի»: Այդուհանդերձ, տպավորություն է, որ Մոսկվայի այդ որոշումը կապված է Չինաստանի նախագահի Փարիզ պետական այցի հետ, որի նախօրեին «Ֆիգարոն» հրապարակել է Սի Ծինփինի հեղինակային հոդվածը, որի մի հատվածը նվիրված է ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը եւ ընդհանուր առմամբ առանձնակի նորություն չի պարունակում: Սի Ծինփինը, ինչպես բազմիցս է ասել, վերահավաստում է, որ կոնֆլիկտի բռկման համար Չինաստանը պատասխանատվություն չի կրում, Պեկինը չի հանդիսանում պատերազմող կողմ, Ուկրաինային կամ Ռուսաստանին ռազմական աջակցություն չի ցուցաբերում եւ կողմ է, որ խնդիրը կարգավորվի խաղաղ-բանակցային ճանապարհով՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքի հիման վրա
: Նույն տեղում, սակայն, Չինաստանի առաջնորդը հիշեցրել է Ֆրանսիայի նախկին նախագահ Շառլ դը Գոլի համարձակ քայլը, երբ դիվանագիտական հարաբերություններ է հսատատել Չինաստանի հետ եւ ավելացրել, որ Փարիզը եւ Պեկինը կարող են համատեղել ուկրաինական կարգավորմանն ուղղված ջանքերը: Սա արդեն այլ «նոտա» է: Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ Չինաստանի առաջնորդն ընդամենը մի քանի ամիս առաջ հանդիպել է ԱՄՆ նախագահին եւ նրան այդպիսի առաջարկություն չի արել: Մեկնաբաններից ոմանք տեսակետ են արտահայտում, որ ուկրաինական պատերազմից Վաշինգտոնը «հասանելիքն ստացել է եւ կարող է համաձայնել, որ Մոսկվան եւ Կիեւը շփման ներկայիս գծի իրողություններով հրադադարի համաձայնություն կնքնեն»: Ֆրանսիան ակնհայտորեն չի սատարում այդ հեռանկարին: Ըստ երեւույթին, Պեկինը՝ նույնպես, ինչպես նաեւ՝ Լոնդոնը, քանի որ դա կնշանակի «աշխարհի նոր վերաբաժանման ռուս-ամերիկյան սեպարատ համաձայնություն»:
Չինաստանը եւ Ֆրանսիան, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիան միջուկային տերություններ են, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ: Եւ արտառոց կլիներ, եթե «երրորդ համաշխարհային պատերազմն ավարտվեր» առանց նրանց մասնակցության: Այն դեպքում, երբ «աշխարհի նոր վերաբաժանման բաժնետիրոջ» հայտ են ներկայացնում Հնդկաստանը, Հարավ-աֆրիկյան հանրապետությունը, անգամ՝ Թուրքիան: Գործնականում ֆրանս-ամերիկյան հարաբերություններն ավելի բարեկամական չեն, քան՝ չին-ամերիկյանը: Եվրոպայի սուվերենության վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի դիտարկումներն այլ բան չեն, քան ԵՄ տարածքում ԱՄՆ ազդեցությունը հնարավորինս թոթափելուն ուղղված քայլերի անոնս: Նույն խնդիրն ունի Չինաստանը, որ Միացյալ Նահանգներին առաջարկում է լինել «իրավահավասար գործընկեր, ոչ թե՝ հակամարտող միցակից»:
Ռուսաստանն, ըստ երեւույթին, զգուշացած է հեռնկարից, որ կարող է «Չինաստանի հումքային կցորդ լինել» եւ հետեւողականորեն ձգտում է հասնել համաշխարհային երկրորդ բեւեռի կարգավիճակի: Ուկրինայում պատերազմը նրա այս փուլի հնարավորությունն է: Ի վերջո, բոլորն էլ, կարծես, եկել են համոզման, որ Ուկրաինայում Ռուսաստանը գլոբալ պարտություն չի կրի: Եւ եթե գալիք մի քանի տասնամյակի աշխարհը լինելու է ոչ միաբեւեռ, ապա ինչու՞ թույլ տալ, որ դա ուժային երկու կենտրոնը որոշեն: Չինաստանի առաջնորդը, հավանաբար, Ֆրանսիայի նախագահին գլոբալ համագործակցության հեռանկար է հուշել: Ռուսաստանը հակադարձում է մարտավարական միջուկային զենքի կիրառման «ազդակով»: Լոնդոնը կմիանա՞ Փարիզ-Պեկին երկխոսությանը: Փարիզում նախապես պետք է ներկա լիներ նաեւ Գերմանիայի կանցլեր Շոլցը, բայց վերջին պահին «չի կարողացել»:
Խիստ կարեւոր է դիտարկել, թե ուժի սուվերեն բեւեռ լինելու մրցակցությունն ինչպե՞ս կազդի տերությունների ռեգիոնալ քաղաքականությանը: Ի մասնավորի, Հարավային Կովկասում ի՞նչ բալանս կարող է ձեւավորվել: Դա կնպաստի կայնության եւ ռեգիոնալ ինտեգրացիայի հաստատմա՞նը, թե կսադրի ավելի սուր մրցակցությու՞ն: Հնարավո՞ր է, որ Հարավային Կովկասում համադրվեն Չինաստանի եւ Ֆրանսիայի, ինչպես նաեւ Իրանի շահերը: Ֆրանսիայի դեմ Ալիեւի բացահայտ ագրեսիվ քաղաքականության հովանավորն ո՞վ է կամ ովքե՞ր են:









































