«Եվրատեսիլ-2016»-ի ողջ նախապատրաստական եւ մրցութային ընթացքում հայ պատվիրակ Իվետա Մուկուչյանը կհամագործակցի Kivera Naynomis նորաձեւության տան հետ: Այս մասին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից: Ինչպես բեմական, այնպես էլ նշանակալի միջոցառումների որոշ հագուստները կստեղծվեն հայկական նորաձեւության տանը:
Ի դեպ, սա նրանց առաջին համագործակցությունը չէ: 2013 թ-ին Իվետան տվյալ ապրանքանիշի Red Collection հավաքածուն ներկայացնողներից մեկն էր:
Kivera Naynomis նորաձեւության տան հիմնադիր, գլխավոր դիզայներ Արեւիկ Սիմոնյանի խոսքով՝ «Եվրատեսիլ-2016»-ի շրջանակներում Kivera Naynomis-ի հետ աշխատելու վերջնական որոշումն, իհարկե, ուրախացրել է իրեն: « Իվետան իր կերպարով շատ համահունչ է մեր բրենդին, նա լավագույնս մարմնավորում է Kivera Naynomis կնոջ նկարագիրը, բացի այդ միշտ էլ հաճելի է աշխատել դրական էներգետիկայով օժտված, շփման մեջ բաց ու թեթև մարդու հետ, ինչը եւս գնահատելի է մեր բրենդի համար: Մենք էլ մեր կողմից կանենք ամեն ինչ՝ լավագույն արդյունք ստանալու համար»,- նշել է Արեւիկ Սիմոնյանը:
«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանին եւս շատ ոգեւորել է այս համագործակցությունը: «Վստահ եմ, որ ապահով ձեռքերում եմ եւ հույս ունեմ, որ հանդիսատեսին դուր կգան նաեւ իմ հագուստները»- նշել է Իվետան:








































