Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը վստահեցնում է, որ կուսակցությունից արտահոսք չի սպասվում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վահե Էնֆիաջյանը վստահեցրեց, որ իրենք նման խնդիր չունեն և իրենց որդեգրած սկզբունքներից այն կողմ չեն գնալու, շարունակելու են իրականացնել ներդաշնակ գործունեությունը: «Մենք մեր գործունեությունը ծավալել և ծավալելու ենք ի նպաստ մեր ժողովրդի, և մենք մեր առջև մեծ ծրագրեր ունենք և կարծում ենք՝ այս ծրագրերի շուրջ բովանդակային գործունեություն պետք է իրականացնենք։ Ներքին խոհանոցային հարցերը ես չեմ կարծում, որ այն լայնածավալ հարցերն են կամ հասարակությանն այդքան հուզող հարցերը, որ պետք է այս պահի դրությամբ քննարկենք։ Ինչ զարգացումներ էլ տեղի ունենան, առաջիկայում դուք՝ ինքներդ կտեսնեք։ Մենք, ինչպես տեսնում եք, կաշկանդված չենք հրապարակային խոսելու հարցում, այդ թվում՝ նաև մեր ներքին հարցերի հետ կապված, մեր ներքին քննարկումները պարզաբանելու, լուսաբանելու առումով, և հավաստիացնում եմ ձեզ, որ առաջիկայում նույն կերպ է լինելու»,- նշեց Էնֆիաջյանը:
Հարցին՝ իր և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի սկզբուքներն ու մոտեցումները քաղաքական առումով տարբերվու՞մ են, Էնֆիաջյանն ասաց․ «Այո, տարբերվում են»: Պատասխանելով հարցին, թե դա՞ էր պատճառը, որ նա հրաժարվեց կուսակցության խոսնակի պարտականություններից, իսկ կուսակցության ներսում տարաձայնություններ եղան, ԲՀԿ խմբակցության քարտուղարը պատասխանեց. «Հրաժարականի հետ կապված ինքն արդեն խոսել է, ինչին ավելացնելու բան ես չունեմ։ Դուք հարցրեցիք՝ իմ սկզբունքները տարբերվու՞մ են, ես ասում եմ՝ այո, տարբերվում են»:






































