Չեխիայում՝ Միշով գյուղի մոտ բացվել է սառը պատերազմի թանգարան: Այն տեղակայված է խորհրդային հրթիռների համար միջուկային մարտագլխիկների նախկին պահեստարանում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Թանգարանի տնօրեն Վացլավ Վիտովեցի խոսքով՝ ստորգետնյա բունկերում ինչ-որ ժամանակ պահվել են մի քանի տասնյակ միջուկային մարտագլխիկներ, սակայն տեղի բնակիչներն այս մասին նույնիսկ չեն կռահել:
Ըստ տնօրենի՝ այցելելով թանգարան, կարելի է տեսնել դեռևս պահպանված տարբեր իրեր, դիզելային շարժիչ և մեծ թվով հակագազեր:
Վիտովեցն ասել է, որ Արևելյան Եվրոպայի տարածքում 12 նման պահեստարան է եղել:
Խորհրդային միության փլուզումից հետո բունկերը սկզբում օգտագործվել է չեխական թղթադրամների պահման համար, որից հետո այն հանձնվել է Մշակույթի նախարարության տնօրինմանը, որի ղեկավարությունն էլ որոշել է այն վերածել թանգարանի:










































