ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի հեռանալը ողբերգություն չի դառնա, Եվրոպան գոյություն է ունեցել մինչ Մեծ Բրիտանիայի միանալը: Kommersant-ի հաղորդմամբ՝ այս մասին մեծ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Օլանդի խոսքով՝ ներկայում եվրոպացիների համար պետք է առաջնահերթություն լինի ինտեգրացիոն գործընթացների շարունակությունը:
«Հուսով եմ, որ Մեծ Բրիտանիան կմնա ԵՄ-ում, սակայն չեմ պատրաստվում որոշել բրիտանացիների փոխարեն»,- հայտարարել է Ֆրանսուա Օլանդը նախագահության առաջին տարվա արդյունքներով կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
Օլանդը նաև նշել է, որ հասկանում է այն երկրներին, որոնք չեն ցանկանում այժմ միանալ եվրոգոտուն, սակայն վստահ է, որ նրանք չպետք է խոչընդոտեն նրա համախմբմանն ու ուժեղացմանը: Օլանդը նախազգուշացրել է, որ Եվրոպայի փլուզումը չի կարելի բացառել:









































