Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Իգնատ Ենգիբարյանի գործով պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոքի քննությունը:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ մեղավոր է ճանաչել և դատապարտել Իգնատ Ենգիբարյանին:
Ըստ դատավճռի՝ ժամկետային զինծառայող, շարքային Իգնատ Ենգիբարյանը 2012 թվականի փետրվարի 23-ին, ժամը 13-ն անց 30-ի սահմաններում, որպես դիտորդ նշանակված լինելով հենակետի կրակակետում, համածառայող, շարքային Ալբերտ Ադիբեկյանի կողմից իր նկատմամբ դրսևորած նվաստացնող վերաբերմունքի համար վրեժխնդիր լինելու նպատակով լիցքավորել է իր հաստիքային ինքնաձիգը, ապահովիչը դրել մենահատ կրակոցի ռեժիմում, հետևից, մոտ չորս մետր հեռավորությունից մեկ կրակոց է արձակել Ադիբեկյանի գլխին՝ պատճառելով հրազենային վնասվածք, որի հետևանքով վերջինս մահացել է:
Նախաքննական ցուցմունքում Ենգիբարյանը հայտնել է, որ իր ու տուժողի հարաբերությունները եղել են լարված:
2011 թվականի ապրիլից Ադիբեկյանը համածառայողների ներկայությամբ պարբերաբար վիրավորել, հայհոյել է իրեն: Ինքը համարժեք պատասխան չի տվել, բայց ատելությամբ է լցվել իրեն նվաստացնողի նկատմամբ, չի ցանկացել հանդիպել նրան, շփվել հետը, միևնույն ժամանակ ոչինչ չի կարողացել անել նրան սաստելու համար:
Ինքն ու Ադիբեկյանը մարտական հերթապահության են նշանակվել, և Ադիբեկյանը շարունակել է ծաղրել ու նվաստացնել իրեն:
Անվանել է «Ինգուլիկ», համածառայողները ծիծաղել են, իսկ ինքը՝ վիրավորվել:
2012 թվականի փետրվարի 10-ից ընդգրկվել են մարտական հերթապահության մեջ: Ցերեկային ժամերին եղել են դեպքեր, որ Ադիբեկյանը ծառայություն չի իրականացրել, ինքը նրա փոխարեն էլ է ծառայել:
Փետրվարի 21-ին իրենք «Մաֆիա» են խաղացել: Ինքը խաղի կանոնները չի իմացել, ինչի կապակցությամբ Ադիբեկյանը բոլորի ներկայությամբ ծաղրել, վիրավորել ու հայհոյել է իրեն:
Փետրվարի 23-ին Ադիբեկյանը նորից հայհոյել է իրեն, կրակակետ է ներկայացել ուշացումով, թափթփված, որովհետև վաշտի հրամանատարը եկել էր հենակետն ստուգելու:
Ըստ Ենգիբարյանի՝ «քանի որ ֆիզիկապես հաշվեհարդար տեսնելու հնարավորություն չի ունեցել, որոշել է հենց կրակակետում Ադիբեկյանի վրա մեկ անգամ կրակել ու վրեժխնդիր լինել»:
Կամաց լիցքավորել է ինքնաձիգը, որ Ադիբեկյանը չլսի, թաքուն մոտեցել է ու մեկ անգամ հետևից կրակել նրա գլխի շրջանին:
Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Իգնատ Ենգիբարյանը չի ընդունել մեղքը, փորձել է ներկայացնել, թե Ադիբեկյանը սպանվել է հակառակորդի կրակոցից: Իր և Ադիբեկյանի հարաբերությունների մասին ասել է, թե դրանք եղել են նորմալ: Եղել են դեպքեր, երբ Ադիբեկյանը կատակներ է արել, բայց դրանք իր համար վիրավորական չէին:
Նախաքննության ժամանակ խոստովանական ցուցմունքներ է տվել, որովհետև եղել է սթրեսային վիճակում, ռազմական ոստիկանությունում էլ ենթարկվել է բռնությունների:
Դատարանը արժանահավատ է գնահատել ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները:
Ենգիբարյանի նախաքննական ցուցմունքները հաստատվել են համածառայողների վկայություններով:
Քննչական փորձարարության ժամանակ Իգնատ Ենգիբարյանը մանրամասն նկարագրել է, թե ինչպես է սպանել Ադիբեկյանին, ցույց է տվել կրակոցի պահին Ադիբեկյանի դիրքը:
Գործի այսպիսի հանգամանքների պայմաններում չի նշանակվել դատահոգեբանական փորձաքննություն, չի որոշվել, թե հոգեբանական ի՞նչ վիճակում է եղել ատելությունից համածառայողին սպանած զինվորը:
Կատարվել է միայն ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն, համաձայն որի՝ Ենգիբարյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել, նա ճանաչվել է մեղսունակ:
Այս ողբերգությունը տեղի է ունեցել նաև զինվորների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտումների նկատմամբ զորամասի հրամանատարության, սպաների անուշադրության ու անտարբերության պատճառով:
Իգնատ Ենգիբարյանն ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 10 տարի ազատազրկման:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել պաշտպանական կողմը: Ընդհանուր իրավասության դատարանում կիրառված պաշտպանական տակտիկան՝ ամբաստանյալի կողմից իր մեղքը չընդունելը, շարունակելով՝ նրա շահերի պաշտպան Մ. Դավթյանը պահանջել է բեկանել կայացված դատավճիռը, արդարացնել Իգնատ Ենգիբարյանին, կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննություն կատարելու:
Հիմնավորելով բերված բողոքը՝ պաշտպանը վերաքննիչ քրեական դատարանում նշեց, թե նախաքննական մարմինը և ընդհանուր իրավասության դատարանը հիմնվել են սպանության «պատրանքային մոտիվի» վրա, որը, պաշտպանի կարծիքով, չի հիմնավորվել դատաքննությամբ, քանի որ ամբաստանյալը հրաժարվել է նախաքննական ցուցմունքներից, ասել, թե իր և տուժողի հարաբերությունները եղել են նորմալ, ինքը նրա ուղղությամբ չի կրակել ու չի սպանել:
Ըստ պաշտպանի՝ քանի որ սպանության ականատես վկաներ չկան, գործով վկայություն տված համածառայողները դեպքի պահին ներկա չեն եղել, նրանց ցուցմունքները բուն հանցագործության կատարման վերաբերյալ չեն կարող Ենգիբարյանի մեղքը հաստատող ապացույցներ լինել:
Պաշտպանը ներկայացրեց Իգնատ Ենգիբարյանի տեսակետը, ըստ որի՝ նախաքննական ցուցմունքները տվել է ռազմական ոստիկանությունում իր նկատմամբ կիրառված բռնությունների ազդեցության տակ:
Պաշտպանը նշեց, թե ընդհանուր իրավասության դատարանն անհիմն մերժել է իր միջնորդությունը՝ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, մինչդեռ կատարված փորձաքննության եզրակացության մեջ սպառիչ պատասխաններ չեն տրվել մի շարք կարևոր հարցերի:
Ամբաստանյալ Իգնատ Ենգիբարյանը միացավ իր պաշտպանին, ավելացրեց, որ ինքը չի սպանել Ալբերտ Ադիբեկյանին, քննիչներն են ստիպել, որ խոստովանական ցուցմունքներ գրի: Նույն քննիչներն էլ, ըստ Ենգիբարյանի, սովորեցրել են վկաներին, թե նրանք ինչ ասեն:
Իգնատ Ենգիբարյանի հարազատները, անգամ՝ մայրը վերաքննիչ դատարան չէին եկել: Դահլիճում միայն տուժողի հարազատներն էին:
Մեղադրող Մ. Հախվերդյանն առարկեց բերված բողոքի դեմ: Ըստ մեղադրողի՝ Ենգիբարյանի մեղքը գործով լիովին ապացուցված է, ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը հիմնավոր է և օրինական, այն բեկանելու հիմքեր չկան:
Մեղադրողը վկայակոչեց դեպքի հաջորդ օրը կատարված քննչական փորձարարությունը, որի ժամանակ Իգնատ Ենգիբարյանը տեսախցիկի առաջ մանրամասնորեն, «անգամ՝ սառնասրտորեն, առանց ուղղորդող հարցերի» ցույց է տվել սպանության կատարման մեխանիզմը, իր և տուժողի դիրքերը հանցագործության կատարման պահին: Իր և տուժողի լարված փոխհարաբերությունների, տուժողի կողմից պարբերաբար նվաստացվելու, ծաղրուծանակի ենթարկվելու վերաբերյալ Ենգիբարյանը նշել է մի քանի անգամ: Դեպքից երեք ամիս անց է նա փոխել պաշտպանական տակտիկան, խոսել իր անմեղության մասին:
Ռազմական ոստիկանությունում նրա նկատմամբ բռնությունների կիրառման հայտարարության հիման վրա կատարվել է ծառայողական քննություն, որով չի հաստատվել բռնությունների կատարումը: Իգնատ Ենգիբարյանի մարմնին որևէ վնասվածք առկա չի եղել, բռնության որևէ կոնկրետ գործողություն չի նշվել նրա կողմից:
Կատարված փորձաքննություններով հաստատվել է, որ կրակոցն արձակվել է ոչ թե տուժողի, այլ Իգնատ Ենգիբարյանի ինքնաձիգից: Նրա մարմնին ու հագուստին հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ:
Վկաները ցուցմունքներ են տվել, որ կրակոցից անմիջապես հետո տեսել են Ենգիբարյանին, որը լաց էր լինում և ասում, թե ինքն է կրակել ու սպանել Ադիբեկյանին: Հերքվել է նաև հակառակորդի կրակոցից տուժողի սպանվելու վարկածը. այդ օրը տեսանելիությունը եղել է շատ վատ:
Դատաբժշկական ոչ լիարժեք փորձաքննության վերաբերյալ պաշտպանի հայտնած տեսակետը մեղադրողը հերքեց՝ հիմնավորումներ բերելով տեսական գրականությունից:
Տուժողի իրավահաջորդը՝ Ալբերտի եղբայր Վարդան Ադիբեկյանը նույնպես առարկեց պաշտպանի բողոքի դեմ: Նա հայտնեց, թե ըստ գործի նյութերի ու իր ներքին համոզմամբ՝ սպանությունը կատարել է հենց Իգնատ Ենգիբարյանը:
Տուժողի իրավահաջորդն ասաց, թե չի բացառում, որ Ենգիբարյանի նկատմամբ եղբայրը վատ վերաբերմունք ցուցաբերած լինի: Վարդան Ադիբեկյանը խնդրեց, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնվի անփոփոխ:
Մինչ վերաքննիչ դատարանի կազմը խորհրդակցական սենյակում էր, տուժողի մայրը ևս մեկ անգամ մայրական հարց ուղղեց դահլիճում գտնվող ամբաստանյալին. «Ճիշտն ասա, դու չե՞ս կրակել»: Ամբաստանյալը հոնքերի տակից նայեց սպանված զինվորի ողբացող մորն ու ասաց. «Ես ոչ մի կապ չունեմ, ես չեմ կրակել»: «Իսկ ո՞վ է կրակել»: «Ես տեղյակ չեմ»,- պատասխանեց ամբաստանյալը: «Նայիր աչքերիս»,- խնդրեց որդեկորույս մայրը: Նա չանիծեց կոնկրետ Ենգիբարյանին: Ծանր անեծք հնչեցրեց իր որդուն սպանողի հասցեին: «Իմ տղայի ամեն մի բջիջը գանձ էր»,- ասաց մայրը: Նա մեղադրող խոսքեր ասաց սպաների վերաբերյալ, որոնց անտարբերության պատճառով էին զինծառայողների լարված փոխհարաբերությունները նման հանգուցալուծում ստացել:
Վերաքննիչ քրեական դատարանը պաշտպանի բողոքը անհիմն գնահատելով՝ մերժեց: Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և սահմանված պատիժը՝ 10 տարի ազատազրկումը, թողնվեցին անփոփոխ:
Իգնատ Ենգիբարյանի ընտրած պաշտպանական տակտիկան իրեն չարդարացրեց ո՛չ իրավական, ո՛չ բարոյական տեսակետից: Այդ տակտիկան համահունչ էր հնչեցված կրակոցին՝ անձայն լիցքավորում ու թաքուն կրակոց՝ հետևից:











































