Trtrussian.com կայքի փոխանցմամբ, ԵԽԽՎ-ն դիտորդներ է գործուղելու Թուրքիա` հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար: Մինչև ընտրությունները` մայիսի 17-18-ին ԵԱՀԿ պատվիրակությունն Անկարայում հանդիպումներ է ունենալու հասարակական տարբեր շրջանակների` քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
Ակնկալվում է, որ ԵԽԽՎ պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են 5 հոգի, կհյուրընկալեն Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահ Մեհմեթ Ալի Շահինը և Բարձրագույն ընտրական խորհրդի (ԲԸԽ) նախագահ Ալի Էմը:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն նախկինում էլ էր Թուրքիա գործուղել մի քանի դիտորդների` 2007 թվականի հուլիսի 22-ին կայացած վաղաժամ խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Մինչ այդ` ապրիլի կեսերից մինչև մայիսի կեսերը, թուրքական խորհրդարանը չկարողացավ ընտրել երկրի նախագահին (միակ թեկնածուն տվյալ ժամանակ արտգործնախարար, ներկայումս` նախագահ Աբդուլլահ Գյուլն էր), իսկ Թուրքիայի Սահմանադրության համաձայն` եթե խորհրդարանը մեկ ամսվա ընթացքում չի կարողանում ընտրել երկրի նախագահին, ապա այն ցրվում է, և նշանակվում են վաղաժամ խորհրդարանական ընտրություններ: