Հինգշաբթի առավոտյան Հունաստանի Լարիսա քաղաքում բանկ է կողոպտվել: Երկու հանցագործներ գողացել են խոշոր գումար՝ հայտնում է տեղի ոստիկանությունը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
ԶԼՄ-ների տվյալներով՝ բանկից հափշտակվել է 1 մլն եվրո:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժ. 8.40-ին: Հանցագործները բանկ են մտել հաճախորդի տեսքով, այնուհետև զենքով սպառնացել աշխատակիցներին՝ իրենց հետ տանելով մեծ գումար: Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ հանցագործները դուրս են եկել բանկի միջնահարկի պատուհանից դեպի հարևան շենքի տանիք և անհետացել:
Հանցագործներին ձերբակալելու համար ոստիկանությունը ողջ շրջանում անցակետեր է տեղակայել: Որոնումներում ներգրավվել է նաև հունական ոստիկանության մեկ ուղղաթիռ:
Որոնումների ժամանակ ոստիկանությունը գտել է հրդեհված մեքենա, որը, ինչպես պարզվել է, գողացվել է 2011 թվականի հոկտեմբերին: Ներկայում պարզվում է՝ հանցագործները օգտվե՞լ են այդ ավտոմեքենայից, թե՞ ոչ:
Հանցագործներն իրենց դեմքերը թաքցրած չեն եղել, ոստիկանությանը հաջողվել է պարզել նրանցից մեկի ինքնությունը. նա այս տարվա մարտին Տրիկալա քաղաքի բանտից փախած Ալբանիայի քաղաքացի է:
Հիշեցնենք, որ մարտի 23-ին մի խումբ զինված անձինք հարձակում էին գործել բանտի վրա՝ վիրավորելով անվտանգության երկու աշխատակիցների: Դրա արդյունքում փախուստի էր դիմել 11 կալանավոր:









































