Ռեկորդային՝ 26.7 մլն դոլարով Ժնևում կայացած աճուրդում վաճառվել է անթերի մաքրությամբ՝ 101.73 կարատանոց ադամանդը: Աճուրդը կազմակերպել էր Christie’s աճուրդի տունը՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Թանկարժեք քարի նոր սեփականատերը ամերիկացի ոսկերիչ Հարրի Ուինսթոնն է:
Ադամանդն ստացել է «Ուինսթոնի ժառանգություն» (Winston Legacy) անվանումը:
Տանձաձև ադամանդը գույների սանդղակով պատկանում է D բարձրագույն կարգին ու Iia ֆիզիկական տեսակին:
Քարը հայտնաբերվել էր Ջվանենգայում՝ Բոտսվանայի հարավում: Սկզբնապես ալմաստը կշռում էր 236 կարատ, և 21 ամիս է պահանջվել ադամանդի ներկայիս տեսքն ստանալու համար: Մինչ այժմ ադամանդը երբևէ չի ցուցադրվել շուկայում:
Այսպիսով՝ Ժնևում ռեկորդ է սահմանվել անգույն ալմաստների արժեքի պատմության մեջ, որ երբևէ վաճառվել է աճուրդում:
Նախորդ ռեկորդը պատկանում էր 76.02 կարատ կշռով «Էրցհերցոգ Իոսիֆ» (Archduke Joseph) ադամանդին: Անցած տարվա նոյեմբերին Christie’s-ն այն իրացրեց Ժնևում՝ 21.48 մլն դոլարով:







































